Այսօր Հայաստանի և Իտալիայի հավաքականներն իրենց համար պատմական հանդիպում կանցկացնեն: Այս թիմերը միմյանց հետ երբեք չեն հանդիպել, իսկ Հայաստանի հավաքականը եվրոպական գրանդերից ընդամենը երկու ընտրանու հետ ուժերը չի չափել՝ Իտալիայի և Անգլիայի: Այսօրվանից հետո, անգլիացիները հայաստանցիների այս ցանկում միայնակ կմնան:
Հայաստանի ընտրանին բավական անհաջող է խաղում եվրոպական ֆուտբոլի առաջատարների հետ: Մեր թիմը բազմիցս պարտվել է Ֆրանսիային, Հոլանդիային, Գերմանիային, Իսպանիային: Միայն Պորտուգալիայի հավաքականը Երևանից երկու անգամ ընդամենը մեկ միավորով է հեռացել՝ խնդիրներ ունենալով նաև սեփական հարկի տակ խաղերում:
Այսօր հայաստանցիների խնդիրն էլ ավելի բարդ է թվում, քան ընտրական փուլից առաջ, երբ հավատը մեծ էր, որ մեր ընտրանին բարձրակարգ ֆուտբոլ կխաղա իտալացիների դեմ: Մեծ հաշվով, խաղից առաջ գրեթե ամեն ինչ Հայաստանի հավաքականի դեմ է աշխատում:
Հոռետես լինելու պատճառներն ակնհայտ են. առաջին հերթին, դա Գևորգ Ղազարյանի և Մարկոսի որակազրկումներն են ու Լևոն Հայրապետյանի վնասվածքը: Որակազրկված էր նաև Սարգիս Հովսեփյանը, բայց նա մինչ խաղը հայտարարել է կարիերայի ավարտի մասին:
Սրանք ոչ միայն անհատական ֆուտբոլիստների կորուստներ են. հավաքականից դուրս են մնացել ամբողջական օղակներ: Մասնավորապես, դա վերաբերում է ձախ թևի ամբողջ երկայնքին, որտեղ բացակայելու են Լևոն Հայրապետյանը և Գևորգ Ղազարյանը: Այդ զույգն ավանդաբար արդյունավետ է գործում, և տվյալ օղակը համարժեք փոխարինելը շատ դժվար է:
Լուրջ խնդիր է նաև Մարկոսի բացակայությունը, քանի որ առջևում ստեղծագործ խաղի կազմակերպման ողջ պատասխանատվությունը փաստորեն ընկնում է Հենրիխ Մխիթարյանի վրա:
Իտալիան կադրային խնդիրներ չունի ընդհանրապես: Թիմի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին անգամ իրեն թույլ է տվել հավաքական չհրավիրել երկու Անտոնիոներին՝ Կասանոյին և Դի Նատալեին: Ֆուտբոլիստների հետ Պրանդելին խնդիր չունի, և հետագայում պատրաստվում է նրանց ներգրավել թիմում, պարզապես այս փուլում որոշել է փորձարկել այլ խաղացողների: Միայն այս փաստը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել, թե ինչ ընտրություն ունի Պրանդելին հարձակման գծում:
Նույն վիճակն է պաշտպանությունում: Իտալիայի հավաքականի մարզիչը այս պարագայում հնարավորություն ունի ընտրել ոչ միայն տարբեր ֆուտբոլիստների, այլ նաև խաղային մոդելը: Բուլղարիայի հավաքականի հետ անցյալ ամիս կայացած խաղում Պրանդելին օգտագործել էր 3 պաշտպանով դասավորությունը: Այս անգամ նա որոշել է խաղալ 4 պաշտպանով՝ կենտրոնում «Յուվենթուսի» զույգը՝ Բարձալյի-Բոնուչի, իսկ եզրերում Կրիշիտոն և Մաջիոն: Կիսապաշտպանությունում խաղը կազմակերպելու է Անդրեա Պիրլոն, և սրանով ամեն ինչ ասված է: Առջևում նախատեսվում է օգտագործել Մարիո Բալոտելիին և Պաբլո Օսվալդոյին, թեև Բալոտելին երեկ ջերմություն է ունեցել, բայց, բժիշկների հավաստմամբ, պատրաստ կլինի խաղալ:
Ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանի հավաքականը մի դեպքում, երբ մրցակիցը յուրաքանչյուր գծում համալրված է ուժեղ խաղացողներով, բացի դա հանգիստ կարող է ուժեղացնել խաղն ընթացքում:
Բնական է՝ մեր առաջին հույսը առջևի գիծն է՝ Օզբիլիս,Մովսիսյան, Մխիթարյան: Իտալացիները չեն թաքցնում, որ վերջինիս հատկապես ուշադիր են հսկելու: Հենրիխի համար այս խաղը հնարավորություն է վերջնականապես ամրապնդվել եվրոպական աստղերի շարքում: Վերջին մրցաշրջանում Մխիթարյանի խաղային մտածողության և վստահության աճը հասցրել են նրան մի մակարդակի, երբ ինքն ինքնուրույն կարող է լուծել դրվագի ելքը յուրաքանչյուր մրցակցի դեմ խաղում: Հայաստանցիներին դժվար է ակնկալել, որ պաշտպանությունում ունեցած խնդիրների պարագայում, հնարավոր կլինի անառիկ պահել սեփական դարպասը, այնպես որ միայն առջևում թիմի բարձրակարգ խաղը հաջողության գրավական կարող է դառնալ:
Կա ևս մի գործոն, որը ինչ-որ չափով կխանգարի իտալացիներին: Ի տարբերություն մեր թիմի, որն այս անգամ միայն մեկ հանդիպում է անցկացնելու, Իտալիայի հավաքականը մի քանի օրից մրցելու է Դանիայի ընտրանու հետ: Այդ խաղն ավելի կարևոր և բարդ է համարվում իտալացիների համար, այնպես որ Երևանում հանդես գալով, նրանք պետք է նաև մտածեն հաջորդ հանդիպման մասին: Նվազագույն ուժեր ծախսելով հաղթանակ տանելը հյուրերի համար իդեալական տարբերակ կլինի, իսկ նման դեպքերում հակառակորդը կարող է հակախաղ գտնել: Բուլղարիա-Հայաստան հանդիպումից հետո իտալացիները կարող են նաև որոշակիորեն թերագնահատել մեր թիմին: Այս փոքր գործոնների, ինչպես նաև Հայաստանի հավաքականի ծայրահեղ կենտրոնացած ու համակարգված խաղի պարագայում հնարավոր է հաջողություն ակնկալել: Ամենամեծ հաջողությունը, այնուամենայնիվ, կլինի անգամ ոչ թե արդյունքը, այլ գեղեցիկ խաղը. Մալթայի և Բուլղարիայի դեմ անցկացրած հանդիպումներից հետո երկրպագուին դա ամենից շատն է հարկավոր: