Երևանցիների համար չէր դա, քաղաքացու համար միջոցառում չէր դա, Epress.am-ի հետ զրույցում ասել է Երևանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը՝ խոսելով երեկ Երևանի օրվան նվիրված տոնախմբությունների մասին:
«Առաջին հերթին, ինձ համար մինչև հիմա էլ անհասկանալի մնաց, թե ինչու էին առավոտյան ժամը ութից փակել ու պարալիզացրել կենտրոնը: Ես ութին ես դուրս եմ եկել, ժամը 8-ից մինչև 12-ը կենտրոնում ոչ մի միջոցառում չկար: Փակել էին նաև Մաշտոցի պողոտան, Խանջյանի մի մասը: 11-ից էլ Գրիգոր Լուսավորիչն էր փակ: Այսինքն այս միջոցառումներն ավելի շատ տանջանք է բերում ժողովրդին, քան թե ուրախություն ու հանգստություն: Հասկանալի է, որ ինչ-որ փողոցներ փակելու անհրաժեշտություն կարող էր լինել, բայց ոչ այս ձևի ու այս մասշտաբի, մանավանդ, որ էդ մասշտաբի միջոցառում էլ չի արվել և փողոցներ փակելու անհրաժեշտություն չկար»,- ասել է Վահագն Խաչատրյանը:
Վահագն Խաչատրյանն անդրադարձ է կատարել նաև երեկոյան կայացած համերգին:
«Չգիտեմ էդ ինչ ռուսական խումբ էին բերել («Սերեբրո» խումբ – խմբ.): Ես հասկանում եմ… այդ ամեն ինչը, շատ կներեք ինձ, միգուցե չարչարվել են և այլն, բայց արդեն ամեն ինչը գռեհկության աստիճանի է հասնում, չի կարելի: Եվ ինչի համար է արվում՝ չեմ իմանում, պարզապես արդեն սովորական է դառնում:
Ավելի լավ կլիներ, եթե այդքան հնարավորություններ կա, քաղաքը ավելի մաքուր դարձնել, կանաչը շատացնել:Ես բան չունեմ ասելու՝ պետք է նշվի, իհարկե: Բայց այդ ամենը ինչը իմ մոտ մեծ հարսանիքի տպավորությւոն թողեց: Էն որ միշտ կատակ են անում, որ ռեստորանի աշխատողներին հարցնում են ոնց անցավ, ասում է ամեն ինչ հարս ու փեսայից բացի, նույնն է՝ մասնակիցները, ճաշատեսակը և այլն: Հիմա սա էլ դրա շարունակությունն է ստացել: Ավելի ճաշակով կարելի էր կազմակերպել, շատ ավելի համեստ, ավելի հանգիստ, իսկապես մարդիկ ոչ թե տանջվեին, այլ վայելեին:
Նույն էլ մեծ հարսանիքների ժամանակ է չէ՞ լինում՝ ասենք Էջմիածինն է փակվում, կամ այլ ճանապարհ է փակվում, ինչ է՝ մի քանի հոգի պետք է ուրախանան»,- նշել է նախկին քաղաքապետը:
Խաչատրյանն անդրադարձել է նաև տոնի «Իմ սրտի մայրաքաղաք» կարգախոսին՝ ընդգծելով, որ թե՛ այդ կարգախոսը, թե՛ այդ կարգախոսով դրոշակները անճաշակություն էին:
«Ճաշակի խնդիր է, թող ինձ ներեն, բայց բաներ կան, որ պետք է ասել, որ իրենք էլ չմտածեն՝ դա է ու վերջ: Ամենակարևորը՝ ես չգիտեմ միգուցե երևանցիները հավանել են, բայց համոզված եմ, որ երևանցիների համար չէր դա, քաղաքացու համար միջոցառում չէր դա: Սովորական, ոնց որ նախընտրական միջոցառումներն են, ես ուղղակի վախենում էի, որ փուչիկներ չպայթեն», – ասել է Վահագն Խաչատրյանը: