Home / Հայաստան / ՀԱԿ-ը պայքարում է ընտրակեղծիքների դեմ. Ազգային ժողով օրենքի նախագիծ է ներկայացվել

ՀԱԿ-ը պայքարում է ընտրակեղծիքների դեմ. Ազգային ժողով օրենքի նախագիծ է ներկայացվել

2013 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով։

Փաթեթի մեջ ներառված է նաև «Բնակչության պետական ռեգիստրի» և «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Օրենսդրական նախաձեռնության հեղինակներից է նաև ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Կոնգրեսի առջև ընտրակեղծարարության կանխման խնդիր է դրված։

«Առաջարկությունների այն փաթեթը, որ մենք ներկայացնում ենք, էապես նվազեցնում է նույնիսկ հնարքներ հորինելու հնարավորությունը», – նշեց Աբրահամյանը։

Ընդդիմադիր խմբակցությունը մոտ 25 փոփոխություն է առաջարկում ընտրական օրենսգրքում։ Դրանց մեջ ներառված են նաև 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ ՀԱԿ-ի արած առաջարկությունները՝ քվեարկողների մատների թանաքոտում, ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրում, քվեարկությունից հետո ցուցակների հրապարակայնացում։ Առաջարկվում է նաև ընտրացուցակներից հանել Հայաստանում չգտնվող ընտրողներին։

Ըստ Աբրահամյանի, ավելացել են այլ կարևոր կետեր, այդ թվում՝ նոր գաղափարներ կան քվեաթերթիկների հետ կապված, առաջարկվում է ընդլայնել վստահված անձանց իրավունքները, փոխել քվեախցի ձևը, անդրադարձ կա մեծամասնական ընտրակարգը վերացնելու խնդրին, առաջարկվում է քննարկել ժամկետային զինծառայողների մասնակցության օրինականության հարցը։

ՀԱԿ ներկայացուցիչն ասել է «Ազատությանը», որ քաղաքական կամքի բացակայության պայմաններում, բնականաբար, օրենքի լիարժեք գործողությունը գրեթե անհնար է։

«Ընտրական օրենսգրքում բազմաթիվ փոփոխություններ, որ վերջին 15 տարում արվել են, արվել են հենց ընտրակեղծարարության համակարգը ապահովելու համար։ Այ, երբ որ մենք կներկայացնենք այս նախագիծը քննարկման, իշխանության քաղաքական կամքի դրսեւորման ցուցիչ կլինի սա», – ասել է Սամվել Աբրահամյանը: