ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մանկատներում և ծերանոցներում պետգնումների շրջանակում կատարված ուսումնասիրության ընթացքում մի շարք խախտումներ է բացահայտել:
Հանձնաժողովի հաղորդագրության մեջ նշվում է, որ այն ստուգել է 18 հաստատություններում սննդամթերքի և տնտեսական ապրանքների ձեռքբերման գործընթացը:
Ընդհանուր առմամբ, վերոնշյալ ապրանքների գնման նպատակով հայտարարվել է շուրջ 100 մրցույթ։
Ըստ ՏՄՊՊՀ դիտարկումների, մրցույթներին մասնակցող որոշ ընկերություններ աշխատել են միմյանց հետ փոխկապակցված: Օրինակ, առկա են դեպեր, երբ 2 տարբեր ընկերություններ մասնակցելով մանկատան կամ ծերանոցի կողմից հայտարարված մրցույթին, ներկայացրել են գրեթե միևնույն փաթեթները՝ նույն գնային առաջարկով, տառասխալներով և անգամ նույն կոնտակտային տվյալներով ու տնօրենի ստորագրությամբ: Նման ընկերություններից յուրաքանչյուրը հաջորդաբար հաղթող է ճանաչվել մրցույթներից առնվազն մեկում, ինչը փաստում է ներքին համաձայնության մասին: Արձանագրվել են նաև այնպիսի դեպքեր, երբ նույն ընկերությունը մի մրցույթում հաղթել է և կարտոֆիլը մատակարարել 300 դրամով, իսկ հենց նույն ընթացքում տեղի ունեցած մեկ այլ մրցույթում պարտվել է՝ նույն կարտոֆիլի համար առաջարկելով 70%-ով ավելի բարձր գին՝ 500 դրամ: Արդյունքում վերջին մրցույթում հաղթող է ճանաչվել այդ ընկերության հետ փոխկապակցված մեկ այլ ընկերություն՝ կարտոֆիլը մատակարարելով իր համար բավական շահավետ՝ 320 դրամ արժեքով:
Ուսումնասիրությունների արդյունքում նաև պարզվել է, որ մրցույթներում ձեռք բերված ապրանքների արժեքները հիմնականում էապես բարձր են իրական գներից: Օրինակ, սննդամթերքի ձեռքբերման մրցույթներից մեկում հաղթող ընկերությունը բազուկը մատակարարել է 300 դրամով, մինչդեռ նույն ժամանակահատվածում շուկայում բազուկի գինը եղել է առավելագույնը 100 դրամ: Նման օրինակները բազմաթիվ են, որոշ ապրանքներ ձեռք են բերվել շուկայականից մինչև անգամ 200%-ով բարձր արժեքով:
Հարուցված վարույթի շրջանակներում Հանձնաժողովը խոստանում է առաջիկայում հրապարակել ինչպես օրինախախտ ընկերությունների անվանումները, այնպես էլ կիրառվող պատասխանատվության միջոցը: