2012 թվականի առաջին կեսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 40 տոկոսով, իսկ երկրորդ եռամսյակի կտրվածքով այդ անկումը կազմել է 60 տոկոս: ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook սոցիալական ցանցում գրել է, որ այդ ցուցանիշը շատ մտահոգիչ է, քանի որ Հայաստանում տնտեսության զարգացումը հնարավոր չէ առանց այդ ներդրումների:
Օսկանյանի խոսքով՝ ներդրումներ չանելն ունի տնտեսական պատճառներ՝ երկրի մակրոտնտեսական անբարենպաստ ցուցանիշներ, ազատ շուկայական հարաբերությունների հիմնարար սկզբունքների բացակայություն, և տնտեսությունից դուրս գործոններ՝ հույս ապագայի նկատմամբ, անորոշություն, արդարություն, խաղաղություն ու կայունություն:
«Ապագայի նկատմամբ հույսի ներշնչումը պետք է գա առաջին հերթին իշխանության գլուխ կանգնածներից՝ նրանց խոսքով և գործով: Պետք է գա նաև քաղաքական համակարգից, որը պետք է ունենա հակակշիռների անհրաժեշտ մեխանիզմը և երկրի զարգացման ու հեռանկարների և այլընտրանքների շուրջ անկաշկանդ ու առողջ բանավեճը:
Դա այսօր իսպառ բացակայում է: Որոշակիությունը և տնտեսությունից ներդրողի ու սպառողի ակնկալիքները տնտեսության խթանման ամենակարևոր գործոնն են: Այդ առումով և՛ օրենսդրական դաշտը, և՛ ակնկալիքները խիստ մշուշոտ են: Միայն հարկային և մաքսային օրենսդրությունը վերջին մի քանի տարիների ընթացքում անընդհատ փոփոխվում է, և խոսակցությունները հետագա փոփոխությունների մասին երբեք չեն դադարում: Ներդրումներին լրջորեն խանգարում է նաև դրամի փոխարժեքի անորոշ վարքագիծը: Արդարություն. ցանկացած ներդրող այսօր լուրջ մտահոգություն ունի, որ ինչ-որ խնդիր ունենալու դեպքում, հատկապես եթե դա ինչ-որ մեկի հետ է, որն ունի քաղաքական լծակներ, չի կարող վստահ լինել արդարադատության հարցում: Այստեղ լուրջ մտահոգություն կա նաև խտրական արդարադատության առումով, երբ առանց իրավական հիմնավորումների պետական մարմիններն օգտագործվում են ինչ-որ խնդիրներ լուծելու համար: Խաղաղություն և կայունություն. այս հարցը բնականաբար բոլորի մտքում կա: Այսօր ավելի, քան երբևէ սա ներդրումների համար լուրջ խոչընդոտ է: Ադրբեջանը անվերապահորեն զինվում է, խստացրել է ռազմական հռետորաբանությունը, շփման գծում զինադադարի խախտման դեպքերը հաճախակիացել են, իսկ բանակցային գործընթացը մտել է լուրջ փակուղի», – պարզաբանել է Վարդան Օսկանյանը: