Հայաստանում արդարադատության իրականացման մասին իր մտահոգությունների մասին իր բլոգում գրառում է արել Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը:
Նա նկատել է, որ Հայաստանում շատ դատական գործեր անպատասխան հարցեր են թողնում ոչ միայն եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաների, այլև հայ հասարակության մոտ, ինչպես, օրինակ, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների հետ կապված գործը:
«Իսկ ամենաթարմը՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեպքն է: Սովորական մարդկանց համար դժվար է ասել, թե Վարդան Օսկանյանը մեղավոր է կամ անմեղ: Բայց մի բան ակնհայտ է, որ երբ մայիսի 24-ին Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտարարեց, որ չի լինելու կոալիցիայի մեջ, հաջորդ օրը՝ մայիս 25-ին Վարդան Օսկանյանի ֆինանսական գործի հետաքննությունը ընթացքի մեջ մտավ:
Իհարկե, այս տվյալները պարզապես կարող են համընկած լինել, սակայն փաստն այն է, որ եթե մարդիկ հարցնում են խնդրի քաղաքական լինելու մասին, ապա համապատասխան պետական կառույցները պետք է կարողանան ապացուցել, որ իրենք գործում են հանրային և ոչ թե կառավարության շահի համար»,- գրել է Լիչը:
Դեսպանը կարծիք է հայտնել, որ Օսկանյանի դեմ գործը քաղաքական հետապնդում որակելը նաև պայմանավորված է արդարադատության համակարգի հանդեպ հասակարության վստահության պակասով:
Հղում անելով «Թրանսփարանսի Ինթերնեյշնալ» կազմակերպության հաշվետվություններին՝ դեսպանը նկատել է, որ Հայաստանում բավարար կերպով չեն ներկայացվում պետական պաշտոնյաների և պատգամավորների ունեցվածքի տվյալները, իսկ այդ տվյալների թափանցիկությունը ապահովելը կարևոր է վստահ լինելու համար, որ բոլորը հավասար են օրենքի առաջ:
Գրառմանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ: