Home / Տեսանյութեր / ՄԱԿ-ը շարունակում է ներդրումները Քասախում. լուծվե՞լ են արդյոք փախստականների խնդիրները

ՄԱԿ-ը շարունակում է ներդրումները Քասախում. լուծվե՞լ են արդյոք փախստականների խնդիրները

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմազկերպության (UNIDO)  հայաստանյան գրասենյակի աշխատակիցներն այսօր այցելել են Կոտայքի մարզի Քասախ համայնք՝ տեսնելու, թե ինչպես են իրականացվել իրենց կողմից ֆինանսավորված ծրագրերը: Կազմակերպությունն իրականացրել է երկու ծրագիր՝ վերանորոգել է Քասախի մանկապարտեզի մարզադահլիճը, խաղահրապարակի տարածքը, տրամադրել մարզական գույք և փախստականների համար կառուցված երկու շենքերում տեղադրել է խոհանոցային կահույք և գազօջախներ:

Ծրագրի իրականացման համար ներդրվել է  39000 ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ Քասախում փախստականների համար շենքերը կառուցվել են ՄԱԿ-ի փախստականների բարձրագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակի կողմից՝ Ճապոնիայից ստացած 760 հազար դոլար օգնության շնորհիվ: Շենքերից մեկը նախատեսված ժամանակ պատրաստ չի եղել, թեև ողջ գումարը ծախսվել է, իսկ առաջին շենքի հիմքը մի քանի ամիս շինարարությունից հետո ճաքել էր:

«Փախստականներն ու միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը իր մտահոգություններն էր արտահայել ծրագրի մասին վարչապետին ուղղված նամակում՝ մասնավորապես նշելով. «Ոչ մեկին հայտնի չեն այն չափանիշները, որոնցով իրականցվելու են բնակարանների հանձնման գործընթացը, սակայն գործի ընթացքում արդեն իսկ կամայականություններ են թույլ տրվել: Մենք հակված ենք մտածելու, որ վերոնշյալ դեպքը կոռուպցիոն ենթատեքստ ունի, և ակնկալում ենք, որ դուք կպարզեք գործի բոլոր հանգամանքները, և համապատասխան հիմքերի դեպքում կառաջարկեք դատախազությանը անհրաժեշտ միջոցառումներ կիրառել մեղավորների բացահայտման գործում»:

Քասախի գյուղապետ Արա Մկտրչյանը,  Epress.am-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, ասել է, որ երկու շենքերն էլ արդեն վերանորոգվել են: Դրանով, սակայն, փախստականների տեղավորման խնդիրը Քասախում ամբողջությամբ չի լուծվել:

Գյուղապետը առաջարկել է երրորդ բնակարանաշինության ծրագիրը, որով պատրաստ է տարածքերը տրամադրել ոչ միայն Քասախի բռնագաղթյալներին, այլև դրսի բռնագաղթյալներին: ՄԱԿ-ի փախստականների բարձրագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակի ղեակվար Դամթյու Դեսալեյնը, սակայն, ասել է, որ դեռ վաղ է խոստանալ, թե ՄԱԿ-ը երրորդ շենքի կառուցումն էլ կֆինանսավորի:

Քասախի դպրոցի տնօրեն Գևորգ Հայրապետյանն այլ լուծում է առաջարկում: Նա Epress.am-ին ասել է, որ քանի որ դպրոցի նոր շենք է կառուցվել և գույքը ստանալուն պես աշակերտները նոր դպորցում դասի կգնան, դպրոցի հին շենքը կարող է տրամադրվել անտուն մարդկանց:

«Մեր գյուղի բնիկներն էլ են վատ ապրում: Եթե Ադրբեջանից ներգաղթյալները եկել են քաղաքական պատճառներով, տեղացիներն Ապարանի ջրամբարի տեղը նախկինում գոյություն ունեցող գյուղից են, նրանց էլ են բերել այստեղ տեղավորել, նրանք էլ ունեն բնակարանային խնդիր: Բացի դա, գյուղն աճում է, բնակիչների թիվը հասնում է 7000-ի, մարդիկ 6-7 հոգով մի սենյականոց տանն են ապրում:

Գյուղատնտեսություն չկա՝ ոռոգման ջրի բացակայության պատճառով, մարդիկ ընտանիքները թողնում գնում են Ռուսատանում աշխատելու»,- ասել է դպրոցի տնօրենը: