Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը՝ կապված պետական դավաճանության օժանդակելու հոդվածով անցնող 6 դատապարտվածների գործի հետ:
Հիշեցնենք, որ ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, մեկ այլ ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանը և հանցագործությանը օժանդակելու մեջ մեղադրվող Աշոտ Չտրկյանը դատապարտվել են 10 տարի ազատազրկման, հանցագործության մասին իմանալու և չհայտնելու մեջ մեղադրվող Կարեն Պետրոսյանը և Արթուր Ավետիքյանը դատապարտվել են 1 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ Արթուրի եղբայր Դավիթ Ավետիքյանի նկատմամբ սահմանվել է 500.000 դրամի չափով տուգանք:
Վճռի հրապարակման ժամանակ, սակայն, ոչ ամբաստանյալները, ոչ նրանց ներկայացուցիչները ներկա չեն եղել, քանի որ, փաստաբանների խոսքով, վճիռը հայտնի էր նրանց՝ դատելով դատավորի նախորդ նիստին ցուցաբերած պահվածքից: Աշոտ Չտրկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ դատավորը նախորդ նիստին թույլ չի տվել իրեն և մյուս պաշտպաններին միջնորդություն անել՝ հայտատարելով, թե «քանի որ չկան միջնորդությունները, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ»: Պաշտպանները պնդել են, որ ունեն միջնորդություններ, սակայն դատավորը չի լսել նրանց:
Բաղդասարյանն ասել է, որ ինքը և Ռոմիկ Մաթևոսյանի փաստաբան Սարգիս Ասլանյանը պատրաստվում էին միջնորդել, որպեսզի դատարանը գործը քննի վերաքննության կարգով, այսինքն՝ կրկին ուսումնասիրի առաջին ատյանի դատարանում ուսումնասիրված կամ բաց թողած փաստերը: