Home / Հայաստան / Սիբիրյան խոցը մարդկանց չի փոխանցվել, անասուններին կրկնակի պատվաստել են. մասնագետ

Սիբիրյան խոցը մարդկանց չի փոխանցվել, անասուններին կրկնակի պատվաստել են. մասնագետ

Սիբիրյան խոց հիվանդությունը Վարդենիսից չի հասել Տավուշի մարզ. այնտեղ չպատվաստված կամ թույլ կենդանիներ են եղել, ինչի հետևանքով էլ անասունների հիվանդության դեպք է գրանցվել: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

«Հոկտեմբերի 30-ին Տավուշի մարզում կենդանի է ընկել, անասնատերը դիմել է, անմիջապես մեր տեսուչները գնացել են անկման վայր, նշանները կասկած են հարուցել, նմուշառում է կատարվել ու ուղարկվել Երևան, դիակն այրվել է, համապատասխան կարգով ոչնչացվել և թաղվել է: Երեք օր անց ստացանք պատասխանը, որ հաստատվել է սիբիրախտ հիվանդությունը: Նույն օրվանից մարդիկ հսկողության տակ են, և մինչ օրս որևիցէ բան նրանց մոտ չկա», – ասել է Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ շուրջօրյա պահակակետեր են դրվել, արգելվել է կենդանու շարժը:

«Հաշվարկվել է վտանգված կենդանիների գլխաքանակը, կատարվել է կրկնակի պատվաստում: Իրավիճակը հսկողության տակ է», – պատմել է տեսչության պետը:

Մկրտչյանը նաև նշել է, որ Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ ու Վանեվան համայնքներում հոկտեմբերի 20-ից մինչ օրս անասունների անկման 5 դեպք է գրանցվել:

«Անկումը գրանցվել է տարբեր օրերի, անասնաբուժության տեսուչները շուրջօրյա հսկողության տակ են վերցրել վերոնշյալ համայնքները ու տարածաշրջանն ընդհանրապես»,- ընդգծել  է Մկրտչյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 15-ից մինչ օրս Վարդենիսի տարածաշրջանում արգելված է անասունի մորթը, և մսի վաճառակետերում մսամթերք չի վաճառվում:

«Համայնքներ կան, որտեղ անասունները կրկնակի են պատվաստվում, իսկ պատվաստումից հետո 14 օրվա ընթացքում արգելված է անգամ առողջ անասունի մորթը», – պարզաբանել է տեսչության պետը: