Եկեղեցին չի կարող չհամագործակցել ազգային պետական շահերի հետ, բայց դա չի նշանակում, որ եկեղեցին կամ հոգևորականը, մանավանդ առաջնորդը, պետք է գործիք լինեն քաղաքական զանազան կառույցներում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի նախկին առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը:
«Եկեղեցին չի կարող զբաղվել քաղաքականությամբ: Եկեղեցու քաղաքականությունը՝ համագործակցել հայրենի պետության հետ, բայց ոչ լինել այս կամ այն կուսակցության համախոհ: Չի կարող հոգևորականն այս կամ այն քաղաքական ճյուղերի հետ համագործակցել և անտեսել ինչ-որ այլ կուսակցությունների, որովհետև բոլորն էլ զավակն են Մայր եկեղեցու: Եթե եկեղեցին ինչ-ինչ կեցվածք է ցուցադրում, այդ պարագայում ճեղքվածք և տրոհում է մտնում մեր ժողովրդի մեջ, որն ավելի մեծ վնաս է բերում, քան քաղաքական հայացքների հակադրումները: Եկեղեցին պետք է ճիշտ դեր կատարի, որ ժողովուրդը չհեռանա եկեղեցուց և սնվի ուրիշ հոգևոր աղբյուրներից: Դա բերում է ազգի բաժանման և ձուլման», – ասել է հոգևորականը:
Խոսելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գործունեության մասին՝ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանն ասել է, որ իր կեցվածքը հայտնի է եղել դեռևս 1999 թվականին:
«Երբ նրա թեկնածությունը դրված էր, հինգ եպիսկոպոսներից մեկը ես էի, որ դեմ եմ եղել, և մեր հայտարարությունը կար: Սակայն ես չեմ ուզում ասել, թե ինչպես նա դարձավ կաթողիկոս: Ես կուզենամ հիշեցնել, որ հոկտեմբերի 26-ին շուրջ 120 պատգամավորների մոտ, որոնցից 56-ը մեր թեմի պատգամավորներն էին, մնացածը ուրիշ երկրներից, ես շուրջ 40 րոպե խոսել և ասել եմ, թե ինչ կլինի, եթե ընտրվի Գարեգին Ներսիսյանը: Այսօր կենդանի են այդ մարդիկ: Այդ ժամանակ ընդամենը երկու թեկնածու կար՝ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյան՝ ներկայումս հանգուցյալ, և Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյան: Ասացի՝ եթե ուզում եք, որ մեր եկեղեցին լինի միասնական, ձեր ձայները տվեք Ներսես Սրբազանին, ուզում եք, որ ես մնամ ձեզ առաջնորդ Ռուսաստանում, ձայները տվեք Ներսես սրբազանին, եթե դուք ձայները տաք Գարեգին Սրբազանին, ամենաուշը մեկ տարի հետո նա ինձ կհանի, եթե ոչ, մեկ ու կես տարում ես կկառուցեմ մայր եկեղեցին ու ես կգնամ, որովհետև նրա գալով մեր եկեղեցին բաժանվելու է, քայքայվելու և գտնվելու է շատ ծանր վիճակում: Ես չպիտի ուզենայի մասնակցել այդ քայքայման գործին:
Օծվելուց անմիջապես հետո, նրա առաջին ոչ միայն սխալ, այլև ոչ օրինական քայլը եղավ լուծարել Գերագույն հոգևոր խորհուրդը: Նա հեռացրեց խորհրդի 8 անդամներին: Գերագույն հոգևոր խորհուրդը ընտրվում է Ազգային եկեղեցական ժողովով: Ազգային եկեղեցական ժողովն ընտրում է կաթողիկոսին, քննարկում և հաստատում է եկեղեցու կանոնադրությունը և ընտրում է Գերագույն հոգևոր խորհուրդը: Կաթողիկոսը չի կարող ինքնուրույն ուզած անդամներին հանել Գերագույն հոգևոր խորհրդից: Ահա, փաստորեն, առաջին իսկ օրից Գարեգին Ներսիսյանի գործունեությունը և նրա Գերագույն խորհրդի որոշումները ոչ օրինական են: Ընտրությունները, որ ոչ օրինական էին… բայց նա ինձ համար եղել է օծված կաթողիկոս:
Գիտեք, որ տասնյակ հոգևորականների քմահաճ ձևով նա հեռացրեց՝ կարգալույծ հռչակելով: Չգիտեմ, թե ինչ ձևի էր նա այդ հարցին մոտենում, որ երբ և ում ուզենա կարող է հանել: Եկեղեցին և հոգևորականներն ինչ-որ այգեպաններ չեն, որ վարձով այսօր մի բանվոր բերեց, վաղը մեկ ուրիշին բերեց, ուզեց փոխել: Ամենայն հայոց կաթողիկոսը նույնպես առաջին հերթին օրենքի տակ է և պետք է կարգ ու կանոնով շարժվի: Նա կարող է իր ցանկությամբ, եթե ունի քարտուղար կամ քարտուղարուհի, եթե ունի մեքենավար անձնական, մի թիկնապահ, որը հիմա շատ ժամանակակից է դարձել, այս մի քանի հոգուն նա կարող է անձամբ որոշում կայացնել՝ հանել կամ փոխել: Մնացած բոլոր հարցերը մեր եկեղեցու և ընդհանրապես քրիստոնեական եկեղեցու կարգ ու կանոնով նա պարտովոր է ժողովով անել, այդ է օրենքը:
Գոյություն ունի ծխական ժողով, թեմական ժողով, գոյություն ունի եպիսկոպոսական ժողով: Նա այսքան տարի այդ աթոռի վրա է, բայց եպիսկոպոսական ժողով չի արել, իսկ որոշումներն ընդունվում են և հաստատվում եպիսկոպոսական ժողովում», – եզրափակել է Տիրան Սրբազանը::
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանյաց եկեղեցին և՛ հայրենիքում, և՛ Սփյուռքում գտնվում է խղճուկ վիճակում:
«Անշուշտ կան արտասահմանյան թեմեր՝ ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելում, Կիլիկիո թևերը, որոնց դեպքում, կարող ենք ասել, Հայաստանյաց առաքելական եկեղեցին գտնվում է իր բարձրության վրա, ինչպես միշտ, ծառայում է մեր ժողովրդին: Սակայն այն, ինչ տեղի է ունենում հայրենքիում… Փաստը այն է, որ զգալի թվով մեր ժողովրդի զավակները չեն պատկանում Հայաստանյաց առաքելական եկեղեցուն:
Զգալի թվով մեր ժողովրդի զավակները իրենց հոգևոր ծարավը գտնում և հագեցնում են ոչ մայր եկեղեցու ծոցում: Մանավանդ ցավալին այն է, որ շատ մեծ թվով աղանդավորներ կան, որոնք ոչ միայն հոգիներն են բաժանում, այլև այդ բաժանումը մտնում է ընտանիքների մեջ, անհատների մեջ, որը և ամենամեծ գրավականն է մի ժողովրդի և պետության ամրապնդման հարցում: Երբ ժողովուրդը միասնական է մանավանդ հավատքի հարցում, շատ ավելի միասնական է տնտեսական ու քաղաքական հարցերում», – ասել է արքեպիսկոպոսը: