Home / Հայաստան / Դեսպանները պետք է հիշեն, որ Հայաստանը կարող է ընդունել մահմեդական կրոնը. քննարկում (թարմացված)

Դեսպանները պետք է հիշեն, որ Հայաստանը կարող է ընդունել մահմեդական կրոնը. քննարկում (թարմացված)

Հայաստանը իր ազգային անվտանգությունն ապահովում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցելով, իսկ գաղափարական, տնտեսական և քաղաքական գաղափարախոսությամբ վստահում է Եվրոպային, մինչդեռ նման կերպ հավետ վարվել Հայաստանը չի կարող և պետք է ընտրի մեկ աշխարհագրական կենտրոն: Այս մասին «Հայաստան և Եվրասիական միություն» թեմայով քննարկմանն այսօր ասել է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

«Նայեք Հայաստանի բալանսը, նայեք ռուսական ինվեստիցիաները Հայաստանում: Հնարավո՞ր է արդյոք փոխել տնտեսական կացութաձևը, որը ձևավորվել է Ռուսատանի հետ մի երկրում 70 տարի ապրելով»,- ասել է Արամ Կարապետյանը: Նրա խոսքով՝ Եվրասիայի գաղափարն առաջ է քաշել Սախարովը 1998 թվականին, այսինքն` «առաջարկը չի եղել միայն նեոիմպերիալիստների կողմից»:

«Բացի Ռուսաստանից, չկա մի պետություն, որը կցանկանա Հայաստանի ազգային տնտեսությունը, մասնավորապես, արդյունաբերությունը զարգացնելու համար ռեալ քայլեր անել»,-  Եվրասիական միության միանալուն կողմ է արտահայտվել Արամ Կարապետյանը:

Հանդիպման մյուս զեկուցող, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը չի համաձայնել Կարապետյանի հետ` նշելով, որ Եվրասիական միության գաղափարը առաջ է քաշել Ռուսաստանի նախագահը, ով ցանկանում է իր ազդեցության գոտիները պահպանել:

Սաֆարյանի խոսքով` Եվրասիական միությունը արտատպում է ԵՄ-ի կառույցները` նպատակ ունենալով լինել այլընտրանք Եվրոպական Միությանը:

«Եվրասիական միության հայտարարվող և չհայտարարվող պլանները շատ քիչ առնչություն ունեն Հայաստանի խնդիրների հետ»,- ասել է Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է Կարապետյանի դիտարկմանը, թե մենք տնտեսական շահ կունենանք Եվրասիական միությունից, ապա, ըստ Սաֆարյանի, պետք է հիշել, որ Եվրասիական միության անդամ են լինելու երկրներ, որտեղ ազատ մրցակցություն չկա, ժողովրդավարություն չկա, իշխանությունները անփոփոխ են մնում:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը հարկ է համարել հիշեցնել Ռուսաստանի դեսպանի վերջին հայտարարությունը, թե իրենք նորմալ են վերաբերվում Հայաստանի՝ Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին, բայց «պետք է չափը ճանաչենք»:

«Այսինքն` դեռ Եվրասիական միությունը չկա, բայց թևերը ոլորելը կա: Խոսքը միանշական աշխարհաքաղաքական կառույցի մասին է: Չի կարող լինել ինտեգրացիա, համենայն դեպս այն ինտեգրացիան, որ մենք պատկերացնում ենք ոչ ժողովրդավարական երկների միջև»,- ասել է Մեհրաբյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս Եվրասիական միությանը դեմ է արտահայտվել: Ըստ նրա` Հայաստանը չպետք է անդամակցի այդ միությանը և լինի Ռուսաստանի դիկտատուրայի սահմանապահը` ընդդեմ ժողովրդավարության:

Ղարաբաղ Կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի խոսքով` որոշելու համար Եվրամության, թե Եվրասիական միության անդամակցել, պետք է ունենալ ոչ թե գլոբալ պատասխանատվություն, այլ ամբողջական պատասխանատվություն: Ըստ բանախոսի` աշխարհը այժմ առաջնորդվում է գլոբալ անվտանգություն ապահովելու ճանապարհով, պատերազմներ է սկսում Իրաքում, Աֆղանստանում և դրա համար Նոբելյան կոմիտեի կողմից ստանում դափնիներ, մինչդեռ ամբողջական  մոտեցում ունենալու դեպքում պահպանվում է Երկիր մոլորակի վրա ընդհանրապես և ամեն կետում անվտանգությունը: Մանուչարյանը հիշեցրել է` 1991 թվականին Կոլցո օպերացիայից հետո Հայաստանի պատվիարկությունը հանդիպել է ռուս գործընկերների հետ: Խորհդային միության անվտանգության և պաշտանության հարցերով կոմիտեի նախագահ Աքսնիսը ասել էր` «Ի՞նչ եք անելու, այդ մուսուլմանական ծովում ուրիշ ելք չունեք: Պետք է համբուրեք մեր կոշիկները»: Հայկական պատվիրակության անդամ Դավիթ Վարդանյանը պատասխանել էր` «Սխալվում եք, մենք կընդունենք մուսուլմանություն»: Ըստ Մանուչարյանի` հիմա էլ Գերմանիայի դեսպանները, Ռուսաստանի դեսպանները պետք է հիշեն, որ մենք կարող ենք ընդունել մահմեդական կրոնը:

Նշենք, որ քննարկումը կազմակերպվել է «Համաձայնություն» կենտրոնը` Հայաստանում Լեհաստանի դեսպանության օժադակությամբ: