Ռուսաստանյան REX լրատվական գործակալությունը չորեքշաբթի ուշագրավ նյութ է հրապարակել, որի առաջին հատվածում հղում կա Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության վրա, իսկ «Ռուսաստանցի օդաչուները կարող են լքել Հայաստանը» վերնագրված հրապարակման մյուս հատվածում ներկայացվում են անանուն հեղինակի և REX-ի «փորձագետների» եզրահանգումները:
Վերջիններս նշում են, որ հայաստանյան կողմը դժգոհ է Ռուսաստանի տնտեսապես ոչ ձեռնտու ներկայությունից և ընդգծում, որ հենց ռուսաստանյան ռազմաբազայի առկայության փաստը կանխում է Ադրբեջանի մոդերնիզացված օդուժի հարձակումները:
Մաս I
Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի ռազմաօդային բազաներից մոտ 100 մարդ շուտով ժամանելու են ծառայության Հայաստանում տեղակայված 102-րդ բազայում: Դրանք ռազմաօդային ուժերի և ռադիոէլեկտրոնային ոլորտի մասնագետներ են: Նոր մարդիկ փոխարինելու են արդեն ծառայած մասնագետներին, REX-ին հայտնել են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:
Ռուսաստանի ռազմական ավիախումբը Հայաստանում ձևավորվել է 1995 թվականին և միանգամից ծառայության է անցել ԱՊՀ հակաօդային պաշտպանության համատեղ համակարգում: Զինծառայողների փոփոխությունը կատարվում է 12 ամսվա ընթացքում:
Չնայած ավիախմբի կազմում միայն սպաներ են և պայմանագրային զինծառայողներ, ռուսաստանցիները ծառայության ամբողջ ընթացքում Հայաստանում գտնվում են առանց ընտանիքների:
Տնտեսական տեսանկյունից Ռուսաստանի համար բավական թանկ է զինծառայողներին և զինտեխնիկան մարտական պատրաստվածության վիճակում պահել մի երկրում, որի հետ միայն օդային կապ կա: Բայց ռուսաստանյան զորքերի՝ Հայաստանում գտնվելու ողջ ընթացքում տնտեսական նպատակահարմարության խնդիրը երբեք Մոսկվայի համար առաջին տեղում չի եղել:
Մաս II
Այնուամենայնիվ, վերջին շրջանում տնտեսական նպատակահարմարության հարցերը սկսել են անհանգստացնել հայաստանյան կողմին: Այն հաշվիները, որոնք ներկայացվում են ռուսաստանցիներին կոմունալ ծառայությունների և օդանավակայանի ենթակառուցվածքների «վարձակալության» համար աճի միտում ունեն:
Այն, որ Հայաստանը չի ցանկանում ոչ միայն իր վրա վերցնել ռուսաստանյան ավիացիոն խմբի սպասարկման ծախսերը, այլև բարենպաստ պայմաններ ստեղծել իրենց տեղակայման համար, Ռուսաստանում մտահոգություն է առաջացնում:
REX գործակալության փորձագետները նշում են, որ օդային շրջափակման մեջ գտնվող երկրի համար, որն իր ազգային Ռազմաօդային ուժերում ունի միայն գրոհային ավիացիա, նման պահվածքն անտրամաբանական է: Անդրկովկասում Հայաստանի վաղեմի հակառակորդը՝ Բաքուն, բոլորովին այլ գաղափարախոսություն է քարոզում:
Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի Ռազմաօդային ուժերը լուրջ մոդերնիզացիայի են ենթարկվել, ինքնաթիռների հավաքակայանը համալրվել է տասնյակ նոր ինքնաթիռներով: Եվ այն, որ այդ ողջ տեխնիկան մինչ օրս գործի չի դրվում, ռուսաստանյան ավիացիոն խմբի և C-300-ի շնորհիվ է. վերջիններս 15 տարի շարունակ հուսալիորեն պաշտպանում են Հայաստանի օդային տարածքը:
Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարարը չհասցրեց ռուսաստանյան ավիացիոն խումբը Հարավային ռազմական շրջանում տեղակայելու մասին որոշում կայացնել, թեև նման որոշումը համահունչ էր պետական ծախսերը օպտիմալացնելու դոկտրինին: Մյուս կողմից՝ ռազմական ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ներկայիս վեկտորի պայմաններում յուրաքանչյուր այլ որոշում դառնում է անտրամաբանական: