Պաշտոնական Բաքուն Մեքսիկային զգուշացրել է, որ եթե երկրի մայրաքաղաք Մեխոկոյում ապամոնտաժվի Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանը, ապա իրենք կխզեն Մեքսիկայի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Արձանը Մեխիկոյում տեղադրվել էր Ադրբեջանի դեսպանատան կողմից: Դեսպանատունը այն տեղադրելու դիմաց բարեկարգել էր այն այգին, որտեղ տեղադրված է քանդակը:
Բրոնզե արձանի տեղադրելուց հետո մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով այգուց հանել «բռնապետի արձանը»:
Դրանից հետո քաղաքային իշխանությունները 3 գիտնականներից բաղկացած հանձնաժողով էին ստեղծել, որը պետք է քններ ակցիայի մասնակիցների բողոքը: Բաքուն պաշտոնական նախազգուշացմամբ հանդես է եկել հանձնաժողովի ստեղծումից անմիջապես հետո: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հանձնաժողովը Ալիևի արձանը քաղաքի կենտրոնական այգուց հանելու մասին որոշում է կայացրել:
Հանձնաժողովի անդամ Գաբրիել Գեռան հայտարարել է, որ իրենք կոչ են անում արձանը տեղափոխել մեկ այլ վայր, ոչ այդքան «սիմվոլիկ» վայր:
Մեքսիկայում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը, սակայն, «La Razón»-ի հետ զրույցում ասել է, որ նման քայլի դեպքում իրենք կփակեն երկում Ադրբեջանի դեսպանատունը, կխզեն դիվանագիտական կապերը և չեղյալ կհամարեն Մեքսիկայում 4 մլրդ դոլարի չափով ներդրումները:
Նշենք, որ Մեխիկոյում Ադրբեջանի դեսպանատունը ևս մեկ արձան է տեղադրել, որը նվիրված է Խոջալուի իրադարձություններին: Այս արձանի դեմ նույնպես բողոքում են. ակտիվիստները նշում են, որ լավ կլիներ, եթե քաղաքային իշխանություններն այդ արձանի փոխարեն Մեքսիկայում տարիների ընթացքում խոշտանգումների արդյունքում տանջամահ արված մարդկանց հիշատակին նվիրված քանդակ տեղադրեին: