Պետական դավաճանությանն օժանդակելու հոդվածով առաջին ատյանի դատարանի կողմից 10 տարվա ազատազրկման դատապարտված, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Աշոտ Չտրկյանը հացադուլը սկսելուց 7 օր անց՝ նոյեմբերի 13-ին, դադարեցրել է այն: Այս մասին Epress.am-ին հայտնել է Աշոտ Չտրկյանի քույրը՝ Արմինե Չտրկյանը:
Աշոտի մայրը՝ Անահիտ Չտրկյանը, այսօր կրկին բաց մանակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում հայտարարում է, որ ինքը «թույլ չի տա, որ իր անմեղ որդուն դատապարտեն»:
«Ես ընտրությունների օրը պատվիրակությունների ներկայությամբ կհրկիզեմ ինձ, որպեսզի որդուս գործը նորից ուսումնասիրեն», – գրել է Անահիտ Չտրկյանը:
«Պարոն նախագահ, հեռուստատեսությամբ հայտարարում եք, որ նման դեպքեր շատ կան, որ մեղավորների փոխարեն պատժվում են անմեղ մարդիկ, որ քննիչը և դատախազը պարտակում են մեղավորներին` մեղքը բարդելով անմեղների վրա: Մի՞թե դա էլ է հեքիաթ, ինչո՞ւ այդ դեպքում չեք կանխում այս անարդարությունը, ինչո՞ւ չեք պատժում մեղավորներին, ո՞ւմ են թաքցնում քննիչն ու դատախազը: Շտապում են արագ վերջացնել, փակել այս շինծու, խայտառակ, սարքովի, խախտոմներով լի, սատանայական գործը, որ շուտ մաքրվի ու մոռացվի իրենց արատավորող արարքը: Բայց, ո՛չ»,- գրել է Չտրկյանը:
Նա իր դժգոհությունն է հայտնել նաև, որ իր որդու գործը հեռուսատեսությամբ չի լուսաբանվել:
«Հեռուստատեսությամբ ամեն օր լրատվամիջոցները տարբեր դատեր են ցուցադրում, տասնյակ անգամներ դիմեցինք, որ «դավաճանների» դատն էլ ցուցադրեն, խուսափեցին, բնական է, որևէ մեկն իրեն չէր վտանգի, ինչ ցուցադրեին, իրենց սու՞տն ու կեղծի՞քը, ցուցադրեին, որ Կարեն Մեհրաբյանը դատարանում ուրիշ մարդկանց անուններ է հայտնում, որ Կարեն Մեհրաբյանը հայտարարում է, որ Աշոտ Չտրկյանը և Ռոման Մաթևոսյանը ոչնչից տեղյակ չեն, որ քննիչը` Արմեն Թևանյանը, իրեն` Կարենին Մեհրաբյանին, համոզում էր ասել, որ Աշոտը մեղավոր է, այդ դեպքում իրեն ութ տարի կդատապարտեն, այլ ոչ թե տասնչորս տարվա: Այ, կվերջանա ամեն ինչ, կդատապարտեն անմեղներին, և դատախազ Արամ Ամիրզադյանը հեռուստատեսությամբ մի «գեղեցիկ» հորինված հեքիաթ կպատմի հայրենիքի «դավաճանների» մասին»,- գրել է Չտրկյանը:
Այսօր Չտրկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը նամակ է ուղղել նաև ԱՐ հեռուստատեսությանը, որի եթերում երեկ հաղորդում է եղել մեղադրյալների մասին: Փաստաբանի խոսքով՝ հաղորդման ընթացքում ներկայացվել է միայն դատախազության տեսակետը:
«Պարզ է՝ կա պատվեր, կա՝ ցուցադրում, չհաշված չերևացող կապերն ու փոխհարարբերությունները: Ցավոք, որպես հաղորդում, այն ևս ցածր մակարդակի էր: Ձեր նյութը ուղղված էր այն լսարանին, որը գոյություն չունի. հարուստներին ու աղքատներին չի հետաքրքրում, մտավորականները չեն հավատում, իսկ առևտևրականները չեն հրաժարվում Թուրքիա գնալուց»,- գրել է Բաղդասարյանը:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանի մերժումից հետո մեղադրյալների պաշտպանները վճիռը բողոքարկում են Վճռաբեկ դատարանում: