Վերջին օրերին Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում բուռն քննարկվում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի կողմից պատրաստված և 2012 թվականին ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակված «Հայոց պատմություն» բուհական դասագրքի` 2008թ. ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակահատվածին վերաբերող հատվածը, որի հեղինակներից մեկը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն է: Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է, որ, հարցը քաղաքականացվում է և նույնիսկ տեղափոխվում անձնական վիրավորանքների հարթություն, և որ պատահական չէ նաև այս օրերին նույն ֆակուլտետում տեղի ունեցած միջադեպը, երբ «Հակահարված» երիտասարդական արտ-խմբի մի քանի ակտիվիստներ, «բացառապես քաղաքական կոչերով մուտք են գործել հենց ԵՊՀ պատմության ֆակուլտետ, խաթարել ուսումնական բնականոն գործընթացը, հրահրել քաշքշուկ և սադրանքի մեջ ներքաշել ֆակուլտետի դեկանին ևս»:
Ինչ վերաբերում է դասագրքին, ապա, ըստ հաղորդագրության հեղինակների, այն ներկայացնում է հայոց պատմության իրողությունները` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:
«Ներկայումս մի շարք զանգվածային լրատվական միջոցներով և սոցիալական ցանցերով ծավալվող քննարկումները դուրս են քաղաքակիրթ բանավեճի միջավայրից, հարիր չեն ուսումնագիտական աշխատության քննարկումների բնույթին և հիշեցնում են միջնադարյան ինկվիզիցիայի, ֆաշիստական Գերմանիայի և ստալինյան բռնապետության ժամանակաշրջաններում առկա իրողությունները, երբ հալածանքի էին ենթարկվում մտավորականները, խիստ գրաքննվում ու զանգվածաբար այրվում էին գրքերը», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դասագրքում, մասնավորապես, նշված է, որ «կոպտորեն մերժելով ընտրությունների արդյունքները` ընդդիմության արմատական թևը, իշխանությունների ամենաթողության պայմաններում արհամարհանքով խախտելով օրենքով սահմանված կարգը, փետրվարի 20-ից Երևանում սկսեց հանրահավաքների շարքը», ինչպես նաև գրված է, թե մարտի 1-ին «անկարգությունների ղեկավարի և կազմակերպիչների կոչերով ամբոխը սկսել է ավերներ գործել»՝ ջարդելով շուրջ 1000 մեքենա, ավերելով «Մոսկվայի տունը», «Վիվասել» ընկերության շենքը: Ցուցարարների ղեկավարների անունները նշված չեն:
Համաձայն ԵՊՀ-ի հաղորդագրության՝ վերոհիշյալ դասագիրքը, այդ թվում` նաև շահարկվող հատվածը շարադրվել են «միմիայն փաստական տվյալների հիման վրա և զերծ են պատմաբանի սուբյեկտիվ մոտեցումներից»:
«Այս համատեքստում ակնհայտ է, որ հարցը շահարկվում է միմիայն քաղաքական նկատառումներով, կատարվում է նաև անթույլատրելին` քննարկումներում ներքաշվում են նաև մարտի 1-ի զոհերի հարազատները, հարցը տեղափոխվում է անձնական վիրավորանքների դաշտ:
Մենք հետամուտ ենք լինելու, որ ԵՊՀ-ի և նրա աշխատակիցների բարի համբավն ու արժանապատվությունը ոտնահարող ցանկացած փորձ արժանանա իրավական և բարոյական համապատասխան գնահատականի», – եզրափակում են հաղորդագրութան հեղինակները:
Հիշեցնենք, որ Էդիկ Մինասյանը, պատասխանելով «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի հարցին, թե արդյոք ինքը եղել է մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ հավաքվել են ընդդիմության համախոհները, երբ ոստիկանները ցրել են Ազատության հրապարակի խաղաղ հավաքը, ասել էր. «Ես այնտեղ տեղում չեմ եղել, ես ասում եմ՝ մենք բոլորս այդ ժամանակաշրջանի ներկայացուցիչներն ենք»:
Նրա խոսքով՝ փաստերն ինքը վերցրել է Ազգային ժողովի փաստաթղթերից, որտեղ քննարկվել է այդ հարցը, Մարտի 1-ի հանձնաժողովի (ղեկավարում էր ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը – խմբ.) նյութերից, նաև մամուլից:
Լրագրողը խնդրել է նշել, թե որտեղից են վերցված կոնկրետ այն տեղեկությունները, թե ցուցարարները 1000 մեքենա են ջարդել, ավերել են «Մոսկվայի տունը» և «Վիվասել» ընկերության շենքը, կողոպտել են գրասենյակներ:
«Այդ տվյալները, ես ասեմ, և այդ ժամանակվա մամուլը կա… նաև Ազգային ժողովի փաստաթղթերից: Կարող ենք այդ փաստաթղթերն էլ տրամադրել ձեզ և նաև ներկայացնել մամուլին, եթե շատ ուզեք: Այդ նյութերի հիման վրա է, սա օդից վերցված չէ, եղա՞վ», – ասել է Մինասյանը:
Նա նաև ասել է, որ «կարիք չկար կոնկրետ կազմակերպիչների անուններ գրել», որովհետև «բոլորը լավ գիտեն՝ ովքեր են»:
Երեկ հայտարարությամբ է հանդես եկել «Մարտի 1» հասարակական կազմակերպության նախագահ, 2008 թվականի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, ով դատապարտել է դասագրքում մարտի 1-ի վերաբերյալ փաստերի աղավաղումը:
Հայտարարության մեջ կոչ է արվում հետ կանչել դասագիրքը, այլապես մարտի 1-ին զոհվածների հարազատները պատրաստ կլինեն դիմել դատական մարմիններին և միջազգային կազմակերպություններին՝ «մեր որդիներին հանցագործության մեջ մեղադրանք առաջադրելու ԵՊՀ-ի փորձը կանխելու համար»: