Այսօր ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀԱԿ խմբակցության առաջարկած նախագիծը՝ ստեղծել 2008 թ. մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողով: Այս հարցի քննարկմանը մասնակցում էին նաև մարտի 1-ին զոհված անձանց հարազատները:
Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակները ներկայացրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նա նշել է, որ նոր հանձնաժողովը չի զբաղվելու փաստերի հավաքագրմամբ, քանի որ արդեն առկա են բավարար փաստեր, բայց եթե ի հայտ գան նոր փաստեր, դրանք նույնպես կքննվեն:
Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովի առաջնային նպատակն է քննել, թե արդյոք 2008 թվականի մարտի 1-ին իրավաչափ են եղել իրավապահ մարմինների գործողությունները, երբ այդ օրը սպանվել է տասը մարդ:
Համաձայն Ջհանգիրյանի, մինչ օրս իշխանությունները չեն կարողանում բացատրել, թե ի՞նչ գործողություն են իրականացրել ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները Ազատության հրապարակում մարտի 1-ի առավոտյան, եթե, ըստ պաշտոնական վարկածի, տվյալ վայրում, որտեղ ցուցարարների վրանային քաղաքն էր, պետք է ընդամենը տեղանքի զննություն անցկացվեր: Նա նաև ծիծաղելի է համարել նախկին փոխոստիկանպետ Սաշա Աֆյանի (Աֆյանը փոխոստիկանապետ է նշանակվել մարտի 1-ի դեպքերից հետո, մինչ այդ եղել է Երևանի ոստիկանության պետի տեղակալ – խմբ.) այն հիմնավորումը, որ ոստիկանները կարող են լինել ընթերակա:
Ջհանգիրյանն իր ելությում նաև ապօրինի է համարել մարտի 1-2-ի իրադարձությունների ընթացքում բանակի ներգրավվածությունը, ինչպես նաև ԼՂ ոստիկանության հատուկ ջոկատայինների մասնակցությունը:
Պատգամավորի խոսքով՝ տասը սպանություններից առնվազն 5-6-ը բացահայտել հնարավոր է: Նա ընդգծել է, որ հնարավոր չէ չբացահայտել այն սպանությունները, որոնք տեղի են ունեցել փոքր տարածքում հազարավոր ոստիկանների ու զինովորականների, հարյուրավոր անվտանգության մարմինների ներկայացուցիչների ու բազմաթիվ նկարահանող սարքերի աչքի առաջ:
Գագիկ Ջհանգիրյանը նաև հիշեցրել է, որ բազմաթիվ քաղբանտարկյալների դեմ ապօրինի քրեական գործ հարուցելու պարագայում անգամ նրանցից ոչ մեկին չեն պատժել ապօրինի զնեք կրելու կամ այն օգտագործելու համար:
Խոսելով բազմաթիվ խախտումների մասին՝ նա նաև ասել է, որ անգամ իր օրինական զենքերն են ցանկացել ներկայացնել որպես ապօրինի զենք (այդ ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն էր, նա ձերբակալվել էր փետրվարի 23-ին – խմբ):
Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը հարց է բարձրացրել, թե ինչպես պետք է վարվի հանձնաժողովը, եթե որևէ հարցով իրավապահներին դիմելուց հետո պատասխան ստանա, որ դա նախաքննական մարմնի գաղտնիք է:
Ջհանգիրյանը պատասխանել է, որ նախաքննական գաղտնիք լինելու դեպքում իրենք չեն կարող որևէ բան պահանջել, բայց դա իրոք պետք է լինի նախաքննական գաղտնիք, որովհետև արդեն անցել է մոտ 5 տարի, և շատ հարցերի պատասխաններ իրենք կարող են ստանալ:
Նախագծում նաև նշված է, որ որոշ հարցեր պարզաբանելու համար պետք է հրավիրվեն նաև բարձրաստիճան պաշտոնյաներ: Հարությունյանին հետաքրքրել է՝ ինչ է անելու հանձնաժողովը, եթե նրանք հրաժարվեն ներկայանալ: Ջհանգիրյանի խոսքով՝ այդ մարդկանց բերման ենթարկելու սանկցիա իրենք տալ չեն կարող՝ «կգան, կգան, չեն գա, դա էլ նրանց բարոյականության խնդիրը կլինի»:
Դավիթ Հարությունյանը խնդրել է, որպեսզի հարցի քննարկումը հետաձգվի մինչև երկուշաբթի, քանի որ ՀՀԿ խմբակցությունից հանձնաժողովի երկու անդամներ բացակա են եղել:
Ամփոփելով՝ Գագիկ Ջհանգիրյանը նշել է, որ ինքը որևէ անձնական, նյութական կամ քաղաքական շահ չի հետապնդում, այլ ուզում է, որ այս հանձնաժողովը ստեղծվի, որպեսզի ինքն ավելի հանգիստ կարողանա նայել մարտի 1-ի զոհերի հարազատների աչքերին: