Այսօր ՀՀ Ազգային Ժողովի «Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի» նիստի օրակարգում քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայն նախագծի, «Հայաստանի Հանրապետության համապետական ընտրությունների ժամանակ (Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի)` քվեարկության օրը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնող ՀՀ քաղաքացիները կունենան հնարավորություն իրացնել իրենց պատկանող ընտրական իրավունքը»:
Ինչպես հաղորդում է «Ժառանգության» կայքը, նախագծի քննարկման ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով նշել է, որ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ հավասար ունեն և պետք է ունենան ընտրելու՝ օրենքով ամրագրված հնարավորություն, որի իրականացման մեխանիզմները պետք է սահմանված լինեն ՀՀ օրենսդրությամբ, իսկ դրանց գործնական իրականացումը պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գործունեությամբ:
«Սակայն իշխող կոալիցիայի ներկայացուցիչները ՀՀ քաղաքացու սահմանադրական հիմնարար իրավունքի կոպիտ խախտումը չցանկացան վերացնել:
Աշխարհում ապրում է շուրջ տասը միլիոն հայություն, որոնցից մոտ երեք միլիոնը, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, իսկ օտար երկրներում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը կազմում է շուրջ մեկ միլիոն, վերջիններս փաստացի զրկված են մասնակցելու Հայաստանի Հանրապետության կառավարմանը: Այսօր ևս մեկ անգամ ՀՀ Ազգային Ժողովը վկայեց, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը լիարժեք չի պատկանում մեր ժողովրդին:
Տեղի ունեցած քվեարկությամբ նախագիծը չստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: «Դեմ» քվեարկեցին Լևոն Մարտիրոսյանը (ՀՀԿ), Կարեն Ճշմարիտյանը (ՀՀԿ), Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ) և Հովհաննես Մարգարյանը (ՕԵԿ), և «կողմ»՝ Զարուհի Փոստանջյանը (Ժառանգություն), Գագիկ Ջհանգիրյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ): Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ) և Էդմոն Մարուքյանը (անկախ) բացակայում էին», – նշված է «Ժառանգության» հաղորդագրության մեջ: