Թուրքիայում վերջին շրջանում ակտիվ գործունեություն է ծավալում ծայրահեղ աջերի մի խմբավորում, որն առավել ակտիվ է սոցիալական ցանցերում, որոնց միջոցով հայատյացություն է տարածում: Այս մասին գրում է Today’s Zaman պարբերականի կայքը: Ըստ կայքի՝ ծայրահեղականների խումբը կոչվում է Հայկական անհիմն մեղադրանքների դեմ պայքարի միջազգային ասոցիացիա (ASIM-DER):
Վերջինիս ներկայացուցիչները Twitter միկրոբլոգում մշտապես տեղեկատվություն են տարածում, թե երկրում գործող հայկական և թուրք-հայկական կազմակերպությունները ֆինանսավորվում են հայկական սփյուռքի կողմից և աշխատում են Թուրքիայի դեմ:
ASIM-DER-ի ղեկավարը՝ ոմն Գյոքսել Գյուլբեյը (նկարում), Twitter-ի իր միկրոբլոգում պարբերաբար գրում է հայկական եկեղեցիների, դպրոցների և հիմնադրամների անվանումներ, ինչպես նաև անհատ մարդկանց անուններ, որոնք, իր կարծիքով, վտանգ են ներկայացնում Թուրքիայի համար: Երկրի քաղաքացիական հասարակության ակտիվ անդամները նշում են, որ նման գործողությունները լուրջ վտանգ են պարունակում և կարող են սպառնալ այդ կազմակերպություններին և անհանտներին: Ատելության խոսքի տարածումը հաճախ մարդկանց թիրախ է դարձնում, ինչպես դա, օրինակ, եղել է 2006-ին, երբ Տրապիզոնում սպանեցին իտալացի եկեղեցականին, կամ 2007 թվականին, երբ ազգայնական Օգյուն Սամասթը Ստամբուլում գնդակահարեց «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին, գրում է Today’s Zaman-ը:
Տվյալ խումբը գոյություն ունի դեռևս 2002 թվականից, սակայն միայն վերջերս է մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել իր ավելացած ակտիվության շնորհիվ:
Ինչպես նշում է Taraf թերթի սյունակագիր Մարկար Եսայանը, ASIM-DER-ի արշավն ավելի մեծ ծրագրի մի մաս է, որի նպատակն է անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծել կրոնական փոքրամասնությունների նկատմամբ:
«Հայկական դպրոցները, որոնցից մեկը ես ավարտել եմ, իսկ հետո աշխատել այնտեղ, գործում են Թուրքիայի կրթության նախարարության հովանու ներքո: Մի կողմից՝ նման արշավները չպետք է լուրջ ուշադրության արժանանա, սակայն մյուս կողմից՝ նրանք, ովքեր սադրիչ հայտարարություններ են անում, պետք է պատասխանատվության ենթարկվեն», – Today’s Zaman-ի հետ զրույցում ասել է Եսայանը՝ հավելելով, որ դատախազները պետք է զբաղվեն դրանով:
Նման կարծիք է հայտնել նաև «Ակօս» թերթի խմբագիր Ռոբեր Կոպտաշը, ում խոսքով՝ Թուրքիան չի կարող իրեն ազգայնականության նոր ալիք թույլ տալ:
Գյուլբեյը, իր հերթին, հերքել է մեղադրանքներն առ այն, որ ինքը թիրախ է դարձնում ինչ-որ կոնկրետ խմբի: Նրա խոսքով՝ երբ իր կազմակերպությունն ասել է, թե Թուրքիայում գործող հայկական 57 հիմնադրամ, 21 դպրոց և 15 միություն գոյություն ունի, որոշ մարդիկ իրեն մեղադրել են ստելու մեջ:
«Մենք հրապարակեցինք այդ բոլոր հասցեները, որպեսզի ապացուցենք, որ իրավացի ենք», – ասել է ծայրահեղականների խմբի ղեկավարը:
Լրագրողը նրան հարց է ուղղել, թե արդյոք ինքն իրեն մեղավոր կզգա, եթե իր կողմից նշված կազմակերպություններից մեկը գրոհի ենթարկվի: Գյուլբեյը չի պատասխանել հարցին՝ փոխարենը հետաքրքրվելով՝ արդյոք որևէ հայկական կազմակերպություն կտխրի, եթե իր վրա հայ ծայրահեղական հարձակվի:
Նա ընդգծել է, որ իր կազմակերպությունը «մտահոգված է այն հանգամանքով, որ հայկական հիմնադրամները կապված են հայկական սփյուռքի հետ»: Նա, այնուամենայնիվ, ընդունել է, որ իր խմբի հայտարարությունները միայն վարկածներ են պարունակում և կոնկրետ փաստեր չկան:
Նշենք, որ այս գալիք օրերին մի քանի Թուրքիայում գործող իրավապաշտպան կազմակերպություններ պատրաստվում են քրեական բողոք ներկայացնել դատախազություն ASIM-DER-ի դեմ: