Անհասկանալի է, որ արտասահմանից հրավիրված իրավաբանը, ով հանրությանը ներկայացվեց որպես վաստակաշատ մասնագետ, առանց քրեական գործերի նյութերի հետ ծանոթանալու կարող է կարծիք կազմել և հայտարարել, որ Վարդան Օսկանյանի գործողություններում չկա հանցակազմ։ Անդրադառնալով ոուսաստանցի իրավաբան Սամվել Կոչոյի՝ Օսկանյանի գործի մասին տված մեկնաբանությանը՝ այս մասին այսօր տարածած հայտարարության մեջ ասել է Ազգային անվտանգության ծառայությունը:
«Մինչև արտասահմանից «մարդ կանչելը», պետք է հրավիրողին բացատրեր, որ որևէ իրավաբան, այդ թվում դրսից հրավիրված, չի կարող և իրավասություն չունի քննվող քրեական գործի վերաբերյալ իրավաբանական հարցերով որպես փորձագետ հանդես գալ ու փորձագիտական եզրակացություն կազմել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 3-րդ մասով ուղղակիորեն արգելվում է քրեական գործերով վարույթին իրավաբանական հարցերով փորձագետի ներգրավումը և, բացի դա, անձի մեղավորությունը որոշվում է բացառապես դատարանի կողմից»,- գրում է ԱԱԾ մամուլի ծառայության պետ Արծվին Բաղրամյանը:
Մամուլի ծառայության ղեկավարը հավելում է, որ ԱԱԾ-ն ուշադրություն չի դարձնելու նման «եզրակացությունների», զերծ է մնալու արտաքին կողմնորոշումներից և ճնշումներից, գործելու է ՀՀ օրենքների շրջանակներում:
Համաձայն Բաղրամյանի, Սամվել Կոչոյը գոնե պետք է տեղյակ լիներ, որ Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու և նույն չափի գումարն օրինականացնելու համար, այսինքն` հանցագործությունների համար, որոնք Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի կարգով դասվում են հանրային մեղադրանքի գործերի թվին և դրա համար իրավապահ մարմնին բողոք կամ հաղորդում ներկայացնելու անհրաժեշտություն չկա, որպեսզի քրեական վարույթ նախաձեռնվեր:
«Նման քրեական գործերը հարուցվում և քրեական հետապնդում է իրականացվում անկախ տուժողի բողոքի առկայությունից և ՀՀ քրեական օրենքով արգելված արարք կատարած անձին պատասխանատվության ենթարկելիս պետությունը (բացառությամբ մասնավոր մեղադրանքի գործերի) կաշկանդված չէ տուժողի կարծիքով և հանրային միջոցներով իրականացնում է քրեաիրավական պաշտպանություն։ Միաժամանակ նշեմ, որ սահմանված ընթացակարգով, քրեական գործով տուժող է ճանաչվելու իրավաբանական անձ «Սիվիլիթաս» հիմնադրամը։
Հետաքրքրական է նաև այն, որ իրավաբանն ընդամենը փաստելով, որ գումարը տոկոսներով հանդերձ արդեն իսկ փոխանցվել է հիմնադրամին, հանգում է եզրակացության, որ հանցագործություն տեղի չի ունեցել։ Ընդամենը կարելի է զարմանալ իրավաբանի նման կարծիքի և տրամաբանության վրա, քանի որ փաստորեն, իրավաբանին չի էլ հետաքրքրում այն հանգամանքը, որ բացառապես բարեգործության համար նախատեսված և հիմնադրամին նվիրաբերված գումարն օրենքով սահմանված կարգով հիմնադրամի հաշվեկշիռ չի մուտքագրվել, հաշվետվություններով չի արտացոլվել, ստացված գումարներից առնվազն 186.000 ԱՄՆ դոլարը, դեռևս 2011թ. հունվարին ստանալուց անմիջապես հետո, առանց որևէ օրինական հիմքի, Վարդան Օսկանյանի կողմից ծախսվել է անձնական նպատակներով և հիմնադրամին վերադարձվել է շուրջ 1.5 տարի անց, երբ արդեն քրեական գործ էր հարուցված ու հայտնի էր, որ իրավապահ մարմնի կողմից ստուգվում է գումարների շարժը», – նշում է Բաղրամյանը։