ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդիպել են, իր աղբյուրների վրա հղում կատարելով՝ գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել «վերջերս»:
«Ըստ նրանց մտերիմների շրջանում պտտվող խոսակցությունների՝ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին ասել է, որ, ինչ որոշում էլ կայացնի ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների մասով, ինքը դա նորմալ կընդունի, միայն թե «տղամարդավարի» անի այն, ինչ ասում է: Սարգսյանը հորդորել է անընդհատ «չփախչել» իրավիճակից ու լարվածություն չստեղծել», – գրում է թերթը:
Երեկ «Ժողովուրդը» զրուցել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ՝ պարզելու համար, թե Սարգսյանն ու Ծառուկյանը երբ են վերջին անգամ հանդիպել:
«Տեղյակ չեմ անկեղծ ասած, ես տեղյակ չեմ իրենց առանձնազրույցից: Բայց տեղյակ եմ, որ անկախ այն բանից, թե պարոն Ծառուկյանն ինչ որոշում կկայացնի, Սերժ Սարգսյանը հաղթելու է «մի այլ ձև»», – վստահեցրել է ՀՀԿ մամլո խոսնակը` թերթի թղթակցին չմանրամասնելով թե «մի այլ ձև» ասվածը որն է: