Ժամանակակից Գյումրիի ճարտարապետությունը նման է այն երաժշտությանը, որը Հայաստանում լսում ենք՝ արաբական կլկլոցներով, փոփ երաժշտության տարրերով և անգրագետ արտահայտություններով: Քաղաքն էլ ճարտարապետական դեմքը կորցրել է, այն այլևս չունի այն առանցքը, որի շուրջ կառուցվել է: Նման համեմատություն է արել Գյումրիի նախկին գլխավոր ճարտարապետ Ռաֆիկ Պետրոսյանը: Epress.am-ի հետ զրույցում նա ասել է, որ դեռևս 1800-ականներին ձևավորված Գյումրիի ճարտարապետական ոճը խախտվել է երկրաշարժից հետո «քաղաքաշինության կազմակերպման անկազմակերպ ձևի պատճառով»:
«Կառուցվել են սպիտակ քարից շենքեր, ապակիներով, ստեղծում են ոչ հարմոնիկ միջավայր, որը մատնում է, որ հեղինակները ոչ պրոֆեսիոնալ են: Գյումրին իր ավանդական ճարտարապետությամբ մարդկային էր և կոլորիտ ուներ, որտեղ մարդը վատ չէր զգում: Հիմա դա չկա»,- ասել է Պետրոսյանը:
Ճարտարապետը պատմել է Գյումրու ավանդական ճարտարապետությունից, որը սկսել է ձևավովել 1834 թվականից հետո, ունեցել է ուղղանկյուն փողոցային ցանց հիշեցնող կառուցվածք և բաղկացած է եղել փոքրիկ թաղամասերից: Նույն ճարտարապետությունը նաև Կարսում է իրականացվել, հետագայում նաև Գորիսում: Այդ ժամանակ են սկսել կառուցել սև քարից շենքերը, մաքրատաշ ճակատներով, բոլորակ լուսամուտներով, հաճախ նաև կարմիր քարերով: Խորհրդային կարգերի հաստատելուց հետո և մինչև Հայրենական մեծ պատերազմը մեծ ծավալի շինարարություն չի կատարվել, իսկ պատերազմից հետո կառուցված շենքերը գորշ էին, տգեղ, քանի որ դրանց կառուցողները նպատակ չունեին ճարտարապետական խնդիր լուծել, այլ մեծ թվով մարդկանց կարճ ժամանակահատվածում տուն դրամադրելու համար էին կառուցվում:
Մարդկանց տուն տալու հարց էր առաջնայինը նաև երկրաշարժից հետո:
«Արդյուքնում` ոչ ոճ է մնացել, ոչ նոր ճարտարապետական դեմք է կերտվել, շատերը՝ ռուսներ, ուզբեկներ, այլք, եկան օգնելու, ամեն մեկն իր ուզած շենքը կառուցեց»,- ասել է ճարտարապետը:
Պետրոսյանը համոզված է, որ քաղաքաշինությունը պետք է ոչ միայն բնակության վայր ստեղծի, այլև միջավայր, որից կախված է, թե դրանում ապրող մարդիկ ինչպես կդաստիարակվեն: Նրա խոսքով՝ այժմ Գյումրիում կան երիտասարդներ, ովքեր փորձեր անում են քաղաքը ավելի գեղեցիկ դարձնել, օրինակ գրաֆիտիների միջոցով: Գրաֆիտիներ կարելի է տեսնել Գյումրու շատ փողոցներում, անցումներում, որոշ շենքերի պատերին:
Գլխավոր նկարը՝ makenas.livejournal.com
Հին Գյումրու լուսանկարները տրամադրել է Կարեն Նազարյանը
Գրաֆիտիի լուսանկարը՝ Աննա Բարսեղյանի