Դեկտեմբերի 10-ին աշխարհում նշում են Մարդու իրավունքների միջազգային օրը: 1948 թվականին այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, իսկ 1950 թվականին դեկտեմբերի 10-ը պաշտոնապես հայտարարվել է Մարդու իրավունքների միջազգային օր:
Այս օրը բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ միջոցառումներ են կազմակերպում՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության առաջնայնությունը և կարևորությունը: Հենց դեկտեմբերի 10-ին է Նոբելյան կոմիտեն Օսլոյում հանձնում Խաղաղության Նոբելյան մրցանակը:
Համաձայն հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա են լուրջ խնդիրներ: Մասնավորապես, Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարվա սկզբին հրապարակված զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ ոստիկանությունում շարունակվում է մարդկանց նկատմամբ վատ վերաբերմունքի և ծեծի պրակտիկան, իսկ հայկական բանակում` ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահվան դեպքերը:
Զեկույցում ընդգծվում է նաև, որ Հայաստանում դարձյալ չեն բացահայտվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհված 10 անձանց մահվան հանգամանքները: Human Rights Watch-ի դիտարկմամբ` ՀՀ կառավարությունը չի կարողացել արդյունավետ կերպով արձագանքել վերոնշյալ խնդիրներին, իսկ Հայաստանի միջազգային գործընկերները լիովին չեն օգտագործել իրենց լծակները երկրում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի բարելավման համար:
Համաձայն «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության 2012 թվականի փետրվարին հրապարակած զեկույցի, Հայաստանում պետական մարմինները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, որոնք պաշտպանված են ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով ու փաստաթղթերով, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը:
Մասնավորապես, զեկույցի հեղինակներն ընդգծել են, որ, չնայած իշխանությունների կողմից հռչակված բարեփոխումների և իրականացվող օրենսդրական փոփոխությունների, դատարանները շարունակում են մնալ կոռումպացված և գտնվել կախյալ վիճակում. խախտվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, և դատավորները կատարում են դատախազների ու իշխանությունների հրամանները:
Հելսինկյան ասոցիացիայի համաձայն, բանակը շարունակում է հանդիսանալ քրեական և կոռումպացված համակարգ, և առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ Հայաստանից զորակոչված զինվորների մի զգալի մասը շարունակում են իրենց ծառայությունն իրականացնել ԼՂՀ-ում:
Դատական իրավունքի, խոսքի ազատության ոլորտներում և բանակում խնդիրներ են տեսել նաև ԱՄՆ Պետդեպի՝ մայիսին հրապարակված զեկույցի հեղինակները:
Զեկույցում, մասնավորապես ընդգծվում է, որ դատարանները շարունակում են մնալ գործադիր մարմնի կողմից օգտագործվող քաղաքական ճնշումների միջոց, իսկ ՀՀ զինված ուժերում ոչ պատերազմական իրավիճակում կասկածելի սպանություններ են տեղի ունեցել, քանի որ «դեդովշինան» և նորակոչիկների հանդեպ կիրառվող այլ տեսակի խոշտանգումները սպաների կողմից շարունակում են առկա լինել բանակում:
Այսօրվա ընթացքում Epress.am-ը քաղաքական ու հասարակական գործիչների և իրավապաշտպանների կարծիքներ կներկայացնի՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա վիճակի հետ, կլուսաբանի Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումների ընթացքը: