Home / Հայաստան / Մարդու իրավունքների խնդիրները բանակում. ինչպե՞ս լուծել ԼՂՀ-ում ծառայող հայաստանցիների հարցը

Մարդու իրավունքների խնդիրները բանակում. ինչպե՞ս լուծել ԼՂՀ-ում ծառայող հայաստանցիների հարցը

2012 թվականին միջազգային մի շարք կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների հրապարակած զեկույցներում նշվել է, որ Հայաստանի զինված ուժերում առկա են մարդու իրավունքների խախտումներ, մասնավորապես, ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահվան դեպքեր: Որոշ իրավապաշտպաններ խնդիր են համարում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Հայաստանի քաղաքացիների ծառայելու դեպքերը: Նշված հարցերի շուրջ Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է այսօր, Epress.am-ը զրուցել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

«Բարեփոխումների մասին անիմաստ է խոսելը, եթե սպանությունները բանակում շարունակվում են, իսկ որևէ մահվան դեպք չի բացահայտվել: Սակայն, առաջին հերթին, պետք է ապաքաղաքականացնել բանակը: Քրեական բանակը ձեռնտու է իշխանություններին: Փոխշահավետ պայմանավորվածություն կա. բանակում տեղի ունեցած գործերը չեն բացահայտում, փոխարենը՝ բանակն օգնում է իշխանությանը ընտրությունների ժամանակ և ընդդիմության դեմ պայքարում», – ասել է «Հելսինկյան ասոցացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը:

Նրա համոզմամբ՝ զինված ուժերի ոլորտում երկրորդ կարևորագույն խնդիրն այն է, որ ՀՀ քաղաքացիներին ծառայության են տանում Լեռնային Ղարաբաղ և այնտեղից զինվորներին բերում են ընտրություններին մասնակցելու Հայաստանում:

Դանիելյանի խոսքով՝ խախտում է նաև այն, որ ԼՂՀ-ում ծառայող զինվորների թիվն անհայտ է, նրանք գտնվում են օրենքից դուրս, ու եթե ինչ-որ միջադեպ է լինում, հայտնի չէ՝ որ երկրի դատարանում պետք է հայց ներկայացվի: Որոշ գործեր Ստեփանակերտի դատարան են ուղարվում, որոշ գործեր՝ Սյունիքի մարզի դատարան: Իրավապաշտպանը նշել է, որ նման կերպ մի անօրինությանը հետևում է մյուսը ու խախտումները ձնագնդի պես մեծանում են:

Անդրադառնալով ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության խնդրին՝ Հայաստանի առաջին օմբուդսմեն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը նշել է, որ այդ մասին լավատեսորեն չի կարելի խոսել, քանի դեռ չկա գոնե մի քանի մահերի հանգամանքների բացահայտում և չկան պատիժ կրած մարդիկ:

Առաջին օմբուդսմենը, այնուամենայնիվ, ընդգծել է, որ չի կարելի ժխտել նաև, թե բանակում մահերի թիվը նախորդ տարիների համամետ կրճատվել է:

Արցախում հայաստանցի զինվորների ծառայության հարցի լուծումն Ալավերդյանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե-յուրե ճանաչելու մեջ:

«ԼՂՀ-ի և Հայաստանի Հանրապետության միջև պետք է պայմանագիր կնքվի, այլ ոչ թե պայմանավորվածություն լինի այն մասին, որ ՀՀ քաղաքացիները ծառայեն ԼՂՀ-ում», – ասել է նա:

Զինվորների՝ ԼՂՀ-ում ծառայելը օրինականացնելու մեջ է տեսնում լուծումը նաև ակտիվիստ Լալա Ասլիկյանը:

«ԼՂԸ ՊԲ-ի և ՀՀ ԶՈՒ միջև անհրաժեշտ է անցկացնել փոխհարաբերությունների իրավական հստակեցում, քանի որ դրա վերաբերյալ չներկայացված կամ հասարակությանը էքսպլիցիտ կերպով չհայտարարված իրավիճակում խախտվում են զորակոչիկների, զինվորների, տուժածների, տուժածների իրավահաջորդների բազմաթիվ իրավունքներ», – ասել է նա: