Bourbon St. ժամանցային ակումբից այցելուներից մեկին դուրս են հրավիրել ոչ թե ազգությամբ հրեա լինելու համար, այլ զուտ այն պատճառով, որ նա իրեն անպարկեշտ է պահել: Այս մասին նշված է Bourbon St. ակումբի տնօրինության հայտարարության մեջ, որը տեղադրվել է ակումբի Facebook-ի էջում:
Երեկ Epress.am-ը միջադեպի մասին կարծիքներ էր ներկայացրել՝ դիմելով նաև ակումբին՝ տեսակետ արտահայտելու խնդրանքով: Ակումբից ասել էին, որ հարցերը կարելի է ուղղել Facebook-յան էջի միջոցով, ինչն էլ արվել էր: Հոդվածը հրապարակելու պահին ակումբը հայտարարությամբ դեռևս հանդես չէր եկել:
Երեկ ուշ երեկոյան տեղադրված հայտարարության մեջ ակումբի տնօրինությունը նշում է, որ «իրականում վեճը բռնվել և զարգացել է լեզվաբանական թյուրըմբռնումումից»: Վեճի բնույթի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
«Միջադեպից հետո ակումբի տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել այսօր (դեկտեմբերի 10-ին-խմբ.) հանդիպել միջադեպի անմիջական մասնակիցների հետ, սակայն վերջիններս վերջին պահին զանգահարել և անհայտ պատճառով հրաժարվել են հանդիպումից:
Bourbon St. ժամանցային ակումբը, համաձայն ՀՀ օրենսդրության, բոլոր այցելուների և անդամների համար, անկախ ազգային ծագումից, ռասայից, լեզվից, սեռից, կրոնից, աշխարհայացքից մշակել և կիրառում է նույն կանոնները:
Այդ կանոնները մշակված են այն նպատակով, որպեսզի ապահովվեն բոլոր հաճախորդների անվտանգությունը և հանգիստ ժամանցը:
Նաև տեղեկացնենք, որ Bourbon St. ակումբը ունի տասը աշխատակից, որոնցից մի քանիսը այլ ազգի են, այդ թվում՝ հրեա, ուստի մեղադրել ակումբի աշխատակիցներին «ռասիսզմի» մեջ ուղղակի անմտություն է», – նշված է ակումբի հայտարարության մեջ:
Լուսանկարը՝ Bourbon St.-ի Facebook-ի էջից