Շաբաթ օրը հայաստանյան մամուլում տեղեկություն է տարածվել, որ տեղի է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հանդիպումը, որից հետո իշխանական շրջանակներում սկսել են խոսել, թե ԲՀԿ նախագահը փոշմանել է և նախագահի թեկնածու չի առաջադրվելու:
«Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը տվյալ հարցի առնչությամբ մեկնաբանություն է խնդրել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից:
«Պարոն Ծառուկյանը երբևէ չի էլ հայտարարել, որ առաջադրվելու է և, համապատասխանաբար, նաև փոշմանելու վերաբերյալ հայտարարություն չի եղել, դրանք երկուսն էլ՝ և առաջադրվելու, և փոշմանելու վերաբերյալ խոսակցություններն ընդամենը լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրված վարկածներ են: Եթե մարդը չի հայտարարել, որ առաջադրվելու է, բնականաբար՝ ինչպե՞ս կարող է հայտարարել, որ փոշմանել է: Կհայտարարի, երբ ամեն ինչ պարզ կլինի», – ասել է Տոնոյանը: