Հրազդան քաղաքի մի խումբ վարորդներ հայտնվել են լուրջ խնդիրների առաջ` ստիպված լինելով ենթարկվել քաղաքապետարանի քմահաճույքներին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի աղբյուրների համաձայն, օրերս Հրազդանի քաղաքապետարանի կողմից սպասարկվող մի խումբ ավտոբուսների (մասնավորապես, 3-րդ, 4-րդ համարի) վարորդներին հայտարարվել է, որ երթուղու օրավարձը (գումարը, որ պետք է վճարեն վարորդները) բարձրանալու է` 25 000 դրամի փոխարեն դառնալով 35 000: Վարորդներն էլ սկսել են գործադուլ անել:
«Երբ Հրազդանի քաղաքապետարանը տեսել է, որ գործադուլը կաթվածահար է անում երթևեկությունը, սահմանված 35 000 դրամի «պլանը» կրճատել է 4000 դրամով` առայժմ համոզելով վարորդներին, որպեսզի դադարեցնեն գործադուլը», – գրում է թերթը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, սակայն, հերքել է տեղեկությունը: «Նման բան չկա, դա հաստատ», – հայտարարել է քաղաքապետը: