ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, եթե վաղը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանական մեծամասնությունը (ՀՀԿ-ն) կողմ քվեարկի հանձնաժողովի մասին օրենքի նախագծին: Նման հայտարարությամբ Փաշինյանն այսօր հանդես է եկել ԱԺ-ում:
Հիշեցնենք, որ նախագծին առաջին ընթերցմամբ կողմ են քվեարկել այսօր, այն հանձնաժողովում ՀՀԿ-ականների թվի ավելացում է ենթադրում:
«Գնացեք, ունեցեք հերթական մի անդեմ և անողնաշար հանձնաժողով, բայց ես այդ գործին, կներեք, չեմ մասնակցի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով խնդրի ծագմանը՝ ՀԱԿ պատգամավորը նշել է, որ նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը հանձնաժողովի նիստի ժամանակ անսահմանափակ հնարավորություն է ունեցել իր տեսակետը հայտնելու, բայց նա ընդամենը մի նպատակ է հետապնդել՝ ձախողել, տապալել դիմումի քննարկումը էթիկայի հանձնաժողովում:
«Բայց կա ուրիշ խնդիր: Այս նախագծով մեծամասնությունը կաթվածահար է անում էթիկայի հանձնաժողովը, որովհետև մտնում է վետոյի ինստիտուտ, ընդդիմությանը վետոյի ինստիտուտ պետք չի: Որովհետև ես, որպես էթիկայի հանձնաժողովի նախագահ, իմ բոլոր գործընկերներին ասել եմ՝ եթե ընդդիմությունից որևէ մեկը խախտի էթիկայի կանոնները, որևէ մեկը հույս չունենա, թե ես հովանավորչությամբ կզբաղվեմ հանձնաժողովում: Եթե պիտի արդյունքում կայացվի անարդար որոշում մեր նկատմամբ, կայացրեք: Մեծամասնութունը, այո՛, իմաստից զրկել է նախագահական ինստիտուտը, խորհրդարանական ինստիտուտը, գործադիր մարմնի ինստիտուտը՝ կառավարությունը, տարածքային կառավարումն ու տեղական ինքնակառավարումը, և հիմա ահա իմաստից զրկում է էթիկայի հանձնաժողովը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ իր ելությում նշել է, որ երեկ առաջարկի բուռն քննարկման արդյունքում հնարավոր չեղավ հասնել քաղաքական մեծամասնության հետ համաձայնության: Նա նշել է, որ այսքանից հետո, իր կարծիքով, անիմաստ է քննարկել ընդհանրապես համագործակցության հնարավորությունն այս տիպի հանձնաժողովի կազմում:
«Ստեղծեք, կարողացեք ինքներդ էլ ձևավորել էթիկայի հանձնաժողով, ինքներդ էլ գնահատեք պատգամավորների վարքագիծը, և իմ ընդդիմադիր գործընկերներին, կարծում եմ, առանց խորհուրդ տալու, առաջարկում եմ քննարկել ընդհանրապես այս հանձնաժողովում ընդդիմության և այլընտրանքի մասնակցության հարցը: Ստացվում է՝ առաջարկում եք մեզ խաղալ շախմատ, և հետո ընթացքում, քանի որ պարտվում եք, կամ հնարավոր է պարտվեք, որոշում եք, որ չէ՝ շախմատի փոխարեն պետք է զրահաբաճկոն հագնել և սուսերով խաղ խաղալ: Այդպես չի լինում, խաղի կանոնը ընթացքում չեն փոխում: Եվ եթե դուք փոխում եք խաղի կանոնը ընթացքում, կարծում եմ, մենք անելիք չունենք այդ փոփոխման մեջ ընդառաջել ձեզ», – ասել է ՀՅԴ-ական պատգամավորը: