Ռուսաստանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանի բացակայությունը խորընդոտ չէ, և Հայաստանը կարող է մտնել Մաքսային միության մեջ: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Վիկտոր Խրիստենկոն «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում, որի ընթացքում վերջինս խոսել է Մաքսային միության հեռանկարների մասին:
Անդրադառնալով Հայաստանի հետ համագործակցության հեռանկարին և պատասխանելով հարցին, թե արդյոք մտահոգիչ չէ, որ Հայաստանի հետ Մաքսային միությունը չունի ընդհանուր սահման, Խրիստենկոն նշել է.
«Շատերին դա կարող է թվալ անհաղթահարելի խոչընդոտ: Սակայն իմ կարծիքով՝ այդպես չէ: Չէ՞ որ ՌԴ կազմում կա էքսկլավ՝ Կալինինգրադի շրջանը: Եվ Մաքսային միությունը, այսօրվա զարգացման տեմպերը հաշվի առնելով, հաստատ կարող է իրեն թույլ տալ ունենալ էքսկլավներ: Միանշանակ, Հայաստանը ունի ենթակառքուցվածքների հետ կապված սահմանափակ հնարավորություններ: Այն Մաքսային միության հետ ունի մեկ տրանսպորտային միջանցք, և այն անցնում է Վրաստանով: Բայց Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունը ձևակերպվել է՝ դա եվրասիական երկիր է: Մենք պետք է ուսումնասիրենք համագործակցության հնարավոր բոլոր ձևաչափերը: Ընդհանուր առմամբ, աշխարհը փոխվում է, և մեր զինանոցում կարող են լինել նոր մոդելներ փոխգործակցության, որոնք նախկինում գոյություն չունեին»:
Խրիստենկոն հավելել է, որ իրենք Ուկրաինայի հետ ունեցած հուշագրերի նմանությամբ պայմանագրեր կկապեն նաև Հայաստանի հետ, որոնք, ըստ չինովնիկի, ավելի հետաքրքիր համագործակցություն կարող են խոստանալ, քան Ուկրաինայի հետ:
Բանախոսը հնարավոր չի համարել և՛ Մաքսային միությանը, և՛ Եվրոպական միությանն անդամակցելը:
«Դա նման է բազմակնության»,- ասել է Վիկտոր Խրիստենկոն: