Մի խումբ թուրք մտավորականներ բաց նամակ են ուղարկել Դանիայի Թագավորական գրադարանին՝ պահանջելով չկանգնել Թուրքիայի ժողովրդավարացման ճանապարհին և թույլ տալ, որպեսզի Թուրքիան ազնվորեն առերեսի իր անցյալի հետ:
Խնդրո առարկան Դանիայի Թագավորական գրադարանի համաձայնությունն էր կազմակերպել «Այսպես կոչված Հայոց ցեղասպանություն» անունը կրող ցուցահանդեսը: Նման ցուցահանդեսի գաղափարն առաջարկել է Դանիայում Թուրքիայի դեսպանատունը, որը մինչ այդ դժգոհ էր մնացել Գրադարանի և Դանիայում Հայաստանի դեսպանատան կողմից անցկացված «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» ցուցահանդեսի փաստից:
Գրադարանի տնօրեն Էռլանդ Կոլդինգ Նիլսենը որոշել էր հակակշռել հայաստանյան ցուցահանդեսը թուրքականով, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել թուրք առաջադեմ մտավորականների շրջանում: Նրանց բաց նամակը հրապարակվել էր երկուշաբթի երեկոյան դանիական առաջատար Berlingske թերթի կայքում:
«Սխալ է 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ երկու տարբեր տեսակետներ առաջարկել: Օսմանյան Թուրքիայի ավելի քան 1 միլիոն հայազգի քաղաքացիներ քշվել են իրենց տներից և հետագայում ոչնչացվել են որպես պետական քաղաքականության մաս: Այն, ինչ գոյություն ունի այսօր, դա Թուրքիայի կառավարության կողմից իրականության կույր ժխտումն է», – նշված է նամակում:
Թուրք մտավորականներն ընդգծում են, որ սեփական պատմության անկեղծ գնահատումը դա իրական ժողովրդավարության անսակարկելի նախապայմանն է: Նրանք նշում են, որ Թուրքիայի կառավարությունները չեն ցանկանում ընդունել իրողությունը ավելի քան 90 տարվա ընթացքում, իսկ մտավորականների հորդորները՝ ընդունել Ցեղասպանության փաստը, մշտապես ճնշվել են, և այդ ճնշումների բարձրակետն է եղել 2007 թվականին իրագործված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը:
«Թույլ տալով Թուրքիայի կառավարությանն «այլընտրանքային ցուցահանդես» կազմակերպել, դուք աջակցում եք նրանց ճնշումների և ահաբեկումների քաղաքականության իրականացման հարցում: Աջակցել մի ռեժիմի, որը չի ցանկանում առերեսել պատմությանը և հերքում է ճշմարտությունը, նույնն է՝ ինչ աջակցել ապարտեիդի ռեժիմին: Մենք նաև ցանկանում ենք հիշեցնել Ձեզ, որ նման վերաբերմունքը խոչընդոտ է Թուրքիայի ժողովրդավարացման համար», – նակամում գրում է թուրք մտավորականները:
Նրանք Դանիայի Թագավորական գրադարանի տնօրինությանը կոչ են անում հրաժարվել «այլընտրանքային ցուցահանդես» անցկացնելու մտքից և միանալ ժողովրդավարական քաղաքացիական նախաձեռնություններին, որոնք պահանջում են Թուրքիայից առերեսել սեփական պատմության հետ:
Նամակը ստորագրած մտավորականների թվում են պատմության պրոֆեսորներ Թաներ Ակչամն ու Ֆիկրետ Ադանիրը, գրող, գրականագետ Մուրադ Բելգեն, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը, պատմաբան Այշե Հյուրը, քաղաքագիտության դոկտոր Բասկին Օրանը, «Թարաֆ» թերթի գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանը, Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը: