Ջերմոցային տնտեսություն ունեցող գյուղացիները այսուհետ ստիպված կլինեն նոր գազի հաշվիչներ ձեռք բերել, եթե նրանց ջերմոցների ջեռուցման գազի ծախսը գերազանցում է սովորական՝ «Ж6» մակնիշի հաշվիչների չափման ծավալները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը՝ հավելելով, որ մեծ ծախս չափող հաշվիչները ընկերությունն արդեն ստացել է և հանել է վաճառքի: Մամուլի խոսնակը նշել է, որ, չնայած հաշվիչներն իրենք առաջարկում են, սակայն տնտեսվարող սուբյեկտներն ազատ են այլ տեղից գնել դրանք, ընկերությունը տեղադրումը կատարում է անվճար: Սարդարյանի խոսքով՝ հաշվիչները չտեղադրելու դեպքում գազի մատակարարումը կդադարեցվի:
Նոր հաշվիչներ գնելու պարտադրանքն առաջացրել է գյուղացիների դժգոհությունը: Epress.am-ը խնդրի առնչությամբ զրուցել է Արարատի մարզի երեք համայնքներում գործունեություն ծավալող ջերմոցատերերի հետ, որոնք նշել են, որ հայտնվել են ծանր կացության մեջ:
Ջերմոցային տնտեսություն ունեցող մի գյուղացի, ով չի ցանկացել, որպեսզի իր անունը հրապարակվի, ասել է, որ նոր հաշվիչներն արժեն մոտ 200.000 դրամ, և, քանի որ ինքը երաշխիքներ չունի, որ այդքան եկամուտ կստանա ջերմոցը ձմռանը շահագործելուց, որոշել է չմշակել ոչ մի բանջարատեսակ:
Մեկ այլ ջերմոցատեր նշել է, որ մեծ հաշվիչները պարտադիր է տեղադրել, եթե ջերմոցի մակերեսը գերազանցում է 100 քառ. մետրը, այդ պատճառով մեծ ջերմոցներ ունեցողներից մի քանիսը ջերմոցը ձևափոխում են երկու փոքր մասերի բաժանելով, ինչը ևս ծախսերի հետ է կապված:
Շուշան Սարդարյանի խոսքով՝ այն, որ տնտեսավարող ընկերութունը շահագրգռված է, որպեսզի իր ապրանքը լինի հաշվառման դաշտում բնական է, հասկանալի է նաև ջերմոցատերերի դժգոհությունը, որոնց, ըստ «Հայռուսգազարդ»-ի խոսնակի, ձեռնտու չեն «ճիշտ չափող հաշվիչները»:
Այն հարցին, թե ինչու հաշվիչները անվճար չեն տրամադրվում՝ Սարդարյանը պատասխանել է.
«Ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում, հաշվիչը ջերմոցատերերը պետք է ձեռք բերեն, իսկ տեղադրումը, ինչպես սովորական փոքր հաշվիչների դեպքում, կատարում են մեր մասնագետները»:
Նշենք, որ հայ-ռուսական «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծված է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության և «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից՝ 1997թ. օգոստոսի 30-ին կնքված հիմնադիր պայմանագրի, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության հիման վրա: Ընկերությունը ստեղծված է 50 տարի ժամկետով: Այսօր ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 316,6 միլիարդ դրամ:
«Գազպրոմի» բաժնեմասը, համաձայն ռուսաստանյան ընկերության պաշտոնական կայքի, կազմում է 80 տոկոս: