«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, որը ներկայացրել է Հայաստանը դեկտեմբերի 3-14 Դուբայում անցկացվող ինտերնետ անվտանգության մասին միջազգային հանդիպմանը, չի ստորագրել քննարկվող «միջազգային հեռահաղորդակցման կանոնները», քանի որ դրանք սահմանափակելու են ինտերնետի ազատությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:
Ըստ նրա՝ կանոնները ստորագրել է 55 երկիր, այդ թվում՝ Չինաստանը, Ռուսատանը, Ադրբեջանը: Սազյանի խոսքով՝ կանոնակարգին միացած երկրները սպամի և ինտերնետ խարդախության անվան տակ կարող են գրաքննել առցանց քոնթենթը:
«Մեր դիրքորոշումն այն է, որ ինտերնետ օպերատորներն իրավունք չունեն վերահսկել, թե ինչ է տեղադրվում համացանցում» ,- ասել է բանախոսը:
Սաղյանը նշել է, որ ինտերնետ քոնթենթի վերահսկման գործընթացը կանոնակարգվում է ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքով, այսինքն՝ միայն քրեական գործի շրջանակներում դատարանի որոշմամբ է, որ իրավապահ մարմիները կարող են վերահսկել ինտերնետը: Ըստ Սաղյանի՝ նույն ընթացակարգը վերաբերում է նաև գաղտնալսմանը:
«Կարծում եմ՝ բոլոր երկրներում էլ գաղտնալսումը թույլատրված է, եթե դա անհրաժեշտ է հանցագործություն բացահայտելու համար՝ քրեական գործի շրջանակներում»,- ասել է ՀԿ-ի փոխնախագահը: