Թեղուտի հանքավայրի շահագործման նոր մեքենայությունների ու ապօրինությունների վերաբերյալ բացահայտումները հրապարակվել են դեկտեմբերի 18-ին, սակայն մինչ օրս Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործի չի հարուցել: Այսօր Թեղուտի պաշտպանությանբ զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը երթ է անցկացրել դեպի դատախազաություն՝ հանձնելու գործ հարուցելու մասին իրենց պահանջը, քանի որ բացահայտումները վկայում են քրեական հանցագործության մասին:
Տեղեկացնենք, որ «Environmental Resource Management» ընկերությունը կատարել է Թեղուտում հանք շահագործելու թույլտվություն ստացած «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ընկերության ծրագրի գնահատում, որով բացահայտվել է, որ ընկերությունը առանց փորձաքննություն անցկացնելու և, ըստ բնապահպանության նախարարության, առանց իրենց տեղյակ պահելու, 2010 թվականին փոփոխություններ է մտցրել հանքի շարագործման իր նախագծային փաստաթղթերում:
2006 թվականին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի կողմից հավանության արժանացած նախագիծը, որից ևս բնապահպանները դժգոհ էին, 2010 թվականին կայացված փոփոխություններով՝ նախատեսում է փոփոխության ենթարկել բացահանքի տրամագծերը և խորությունը, ինչի հետևանքով ավելանալու է նաև բնապահպանանական վնասը, ծառահատումների մակերեսը և այն:
Մասնավորապես, 2006 թվականի նախագծով բացահանքի խորությունը նախատեսված էր 432 մետր, մինչդեռ նոր՝ 2010 թվականի նախագծով բացահանքի խորությունը կազմելու է 890 մետր: Մակաբացման ապարները տեղադրելու համար նախատեսված տարածքը կազմելու է ոչ թե 107.4 հեկտար, այլ 162 հեկտար:
Այսօրվա ակցիայի մասնակցիները Դատախազություն ուղևորվեցին Մաշտոցի պուրակից՝ ճանապարհին վանկարկելով «Թեղուտ» և երգելով հետևյալ կոչը.
Այսօր վերջն էր աշխարհի,
վերջը կլինի «Վալեքսի»,
ՀՀ դատախազություն, քեզ բերել ենք օգնություն,
Հանք են բացում անօրեն,
Պատժիր դրանց խստորեն:
«Թեղուտի հանքում աշխատող 60 աշխատակիցները միասին երկու անգամ ավելի քիչ աշխատավարձ են ստանում, քան հանքի տնօրենը: Այս հարցը ոչ միայն բնապահպանական խնդիր է, այլև սոցիալական արդարության»,- ակցիան սկսելով՝ ասել է իրավաբան, նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը:
Բնապահպանները այս բացահայտումները ստացել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների միջամտությամբ, քանի որ ERM ընկերությունը ունեցել է պայմանագրային հարաբերություններ «Վալեքսի» հետ, և միայն այն հիմքով, որ նրա աշխատանքները կարող են ճակատագրական լինել երկրի համար, համաձայնել է տրամադրել իր եզրակացությունը: