Հայաստանի կառավարությունը արհամարում է Թեղուտի հանքի վերաբերյալ 14 կազմակերպությունների բարձրաձայանած մտահոգությունները: Այս մասին ասված է Հայաստանի բնապահպանական ցանցի և «Էյ Թի Փի» (Հայաստան ծառատունկ ծրագիր) բարեգործական հիմնադրամի մամուլի հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության հեղինակները հիշեցնում են, որ 14 կազմակերպությունների դաշինքը հոկտեմբերի 30-ին նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ պահանջելով Թեղուտի հանքի ծրագրի համար շրջակա միջավայրի վրա ազդեցության անկախ գնահատում (ՇՄԱԳ) անցկացնել:
«Փաստերը, որ Հայաստանի դատարաններում ներկայացվել են այդ գործողությունների դեմ, զննվել են հարևանցի և անհարգի կերպով մերժվել են խիստ ընթացակարգային հիմնավորմամբ` առանց պատշաճ քննելու այդ պահանջների էությունը: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը /ՇՄԱԳ/ և հրապարակային ծանուցման պահանջները լիովին խեղաթյուրվել են: Այն անուղղելի վնասը, որ հասցվել է Թեղուտին, և դեռ ավելի մեծ վնասը, որ կհասցվի այդ շրջանին, եթե հանքարդյունաբերությունը շարունակվի, անհապաղ ուշադրություն են պահանջում», – նշված է եղել նամակում:
Դաշինքը վերջերս այդ նամակին պատասխան է ստացել Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանից, ով հաղորդել է, որ ՇՄԱԳ-ն իրականացվել է օրենքի շրջանակներում, և հետևաբար ծրագիրը հաստատվել է:
«Մենք հիասթափված ենք Բնապահպանության նախարարության մակերեսային պատասխանից, որոնց առաջնային առաքելությունը Հայաստանի շրջակա միջավայրի պահպանությունն է: Մինչդեռ Թեղուտի հանքային ծրագրի համար բնապահպանական գնահատում իրականացվել է, դրանով զբաղվող ԼՄԻ կազմակերպությունը հանդիսանում է ծրագրի հովանավոր «Վալլեքս Գրուպ»-ի դուստր ձեռնարկություն: Միջազգային չափանիշներին համաձայն` ԼՄԻ-ի գնահատումը վստահորեն չի կարելի համարել «անկախ» բնապահպանական գնահատում», – ասել է «Էյ Թի Փի» ԲՀ-ի գործադիր տնօրեն Թոմ Գարաբեդյանը:
Նրա խոսքով՝ բնապահպանական կազմակերպությունները վերահաստատում են հիմնավոր և անկախ ՇՄԱԳ իրականացվելու մասին իրենց պահանջը:
Նշենք, որ բացի վերոնշյալ երկու կազմակերպություններից նամակը ստորագրել էին Ակոպյան բնապահպանական կենտրոնը, Հայ-ամերիկյան առողջապահության արհեստավարժների կազմակերպությունը, Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիան, Հայ-ամերիկյան բուժքույրերի ասոցիացիան, Հայ-ամերիկյան դեղագործների ասոցիացիան, Հայաստանի իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի միջազգային ատամնաբույժների ասոցիացիան, Հայաստանի միջազգային բժշկական կոմիտեն, Արդարադատության առանցքը /Սերժ Թանկյան/, Քաղաքացիական ֆորումը, Հայք ծրագիրը, Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի գրասենյակը: