Այսօր կայացած «Ժառանգություն» կուսակցության համագումարում քաղաքական ուժի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնապես հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում: Հիշեցնենք, որ իր մտադրության մասին նա հայտնել էր ավելի վաղ:
Հովհաննիսյանն ընդգծել է, որ «այս թեկնածությանը պետք է մասնակցի ու աջակցի Հայաստանի քաղաքացին»:
Ըստ «Ժառանգության» առաջնորդի՝ կուսակցությունը նաև համաձայն է, որ հաղթանակի դեպքում ամեն ինչ չվերագրվի «Ժառանգությանը»:
««Ժառանգությունը» ազատ քաղաքացիների ամբիոն է, և ես հպարտ եմ մեր պատգանմավորներով, նախորդ և ներկա երիտասարդներով», – ասել է Հովհաննիսյանը:
«Այս երկու ամիսների ընթացքում, եթե ՀՀ քաղաքացին, քաղաքացիական հասարակությունը, երիտասարդները, ակտիվիստները, քաղաքական կուսակցությունները ցանկանան, ու ամեն մեկը իր բնից դուրս գա, մենք կունենանք նոր նախագահ ու հայ ժողովուրդը կլինի գործող նախագահի այլընտրանքը», – ասել է «Ժառանգության» առաջնորդը:
Խոսելով համագումարին այլ կուսակցությունների ներկայացուցիչների ներկա չլինելու մասին, Հովհաննիսյանը նշել է, որ դա այն պարզ ճշմարտության հետևանքն է, որ իրենք հրավիրել են բաց հանրային հավաք, որտեղ հատուկ հրավերներ չեն եղել, և քաղաքացիներն իրենք են կողմնորոշվել՝ ներկա լինել, թե՝ ոչ:
Խոսելով «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագործակցության մասին՝ Հովհաննիսյանը նշել է.
«Ոչ մի բան ավարտված չէ, ավարտված է մի հոգու պահվածքի պատմությունը, ուրիշ ոչինչ ավարտված չէ»: Նա չի մանրամասնել, թե ով է այդ «մեկ հոգին»:
Նշենք, որ ԱԺ-ում «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները ֆորմալ առումով մտնում են «Ժառանգություն» խմբակցության մեջ, սակայն Հովհաննիսյանի և ԱԴ-ի նախագահ Խաչատուր Քոքոբելյանի վեճից հետո այդ համագործակցությունը դադարեցվել է:
Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ «ազատ, արդար ընտրությունների դեպքում, անգամ կեղծիքների ու ծանոթ դարձած մեխանիզմների կիրառման դեպքում ունենալու ենք նոր նախագահ, նոր նախագահություն»: