Այսօր՝ ժամը 10.30-ին, մեկնարկել է «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության համագումարը, որին մասնակցում են 634 պատվիրակներ:
Դահլիճում են Հայ Ազգային Կոնգրեսի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Համագումարին առաջինը ելույթ ունեցավ ՀԱԿ-ի մաս կազմող Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ներկայացուցիչ Ստեփան Մինասյանը, ով նշեց, որ այսօրվա համագումարի որոշումից «կախված է մեր (նկատի ունի ՀԱԿ-ի – խմբ.) հետագա ճակատագիրը»:
Մինասյանի հետ համաձայնել է նաև հաջորդը ելույթ ունեցող, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ով կարծիք է հայտնել է, թե «սա հերթական համագումար չէ, և սա ոչ միայն ՀՀՇ-ի համագումարն է, այլ նաև ՀԱԿ-ի համար կարևոր իրադարձություն, որովհետև Կոնգրեսի ներկայացուցիչներ, շատ կուսակցությունների շարքային անդամներ սպասում են, թե ՀԱԿ-ը ինչն ձևաչափով է մասնակցելու գալիք ընտրություններին»:
Սարգսյանը հայտարարել է, որ 2007 թվականին բազմաթիվ քաղաքական ուժերին միավորել է երկրի ապագան, և այդ միավորումն առաջնորդում էր մեկ մարդ, ում հաջողվեց միացնել տարբեր աշխարհաքաղաքական գաղափարներ ունեցող ուժերին:
«Դա հաջողվեց անել առաջին և հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Եվ ես այստեղ արտահայտում եմ ՍԴՀԿ-ի կարծիքը՝ ՀԱԿ-ն ունի շատ արժանավոր թեկնածուներ, բայց այսօր նորից պետք է փաստել՝ կա մի մարդ, որն ունակ է մեզ բոլորիս առաջնորդելու: ՍԴՀԿ-ն կարծում է, որ այդ մարդը Լևոն Տեր-Պետրոսյանն է», – ասել է Լյուդմիլա Սարգսյանը: