Home / Հայաստան / Դելեգիտիմացնել Սերժ Սարգսյանի վերընտրությունը. Ինչու է Տեր-Պետրոսյանը ժամանակ ձգում

Դելեգիտիմացնել Սերժ Սարգսյանի վերընտրությունը. Ինչու է Տեր-Պետրոսյանը ժամանակ ձգում

Իր թեկնածության առաջադրելու մասին որոշում հայտնելը հետաձգելով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ստեղծում է մի իրավիճակ, որտեղ մյուս ուժերը կարիք են տեսնում իր հետ բանակցությունները խորացնելու: Epress.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀՇ այսօրվա համագումարին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, նման կարծիք է հայտնել քաղաքագետ Հայկ Բալանյանը: Նա նշել է, որ ՀԱԿ առաջնորդի` կատակով արված հայտարարությունը շատ լուրջ բան էր, և նա շարունակում է այն խաղը, որ վաղուց սկսել էր և որին հարված էր հասցրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ընտրություններին իր չմասնակցության մասին հայտարարելով:

Ըստ Բալանյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակ է ձգում, քանի որ իրոք սպասում է կամ որոշ բանակցությունների արդյունքներին, կամ որոշ իրադարձություններին, մեսիջներին:

Քաղաքագետի կարծիքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը երկխոսում է նախ դրսի ուժերի, առաջին հերթին, Ռուսաստանի հետ, և իր այդ ակնարկով սադրում է նաև իր հետ երկխոսելու այլոց հետաքրքրությունը: Նաև իր ակնարկներով նա ցույց տվեց, որ չունի որևէ պարտավորություն ոչ մեկի նկատմամբ և իր ձեռքերը ազատ են, և նա պատրաստ է իր պայմաններով նոր խորհդակցությունների և պայմանավորվածությունների:

«Եվրազես-ի հարցում Հայաստանի դիրքորոշումից հետո Ռուսաստանի մոտ կա ցանկություն Սերժ Սարգսյանին պատժելու, նրա իշխանությունը ոչ լեգիտիմ և  խոցելի դարձնելու: Լևոն Տեր-Պետրոսյանը կփորձի օգուտ քաղել այդ ռեսուրսից բոլոր առումներով և բոլոր գործող անձանցից»,- ասել է Բալանյանը:

Ըստ նրա՝ այժմ արդեն հարց չկա ընտրություններին ընդդիմադիր թեկնածուի հաղթելու մասին, հարցն այն է՝ կհաջողվի աղմուկ ստեծել, դելեգիտիմացնել Սերժ Սարգսյանի վերընտրությունը, թե ոչ:

Այն հարցին, թե արդյոք հավանական է, որ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, իր խոսքի համաձայն, Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու դեպքում սեփական թեկնածությունը առաջադրի, Բալանյանը պատասխանել է, թե դա բարդ հարց է, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի համար ՀԱԿ-ից քաղաքական ուժերի դուրս գալը կարևորագույն խնդիրը չէ:

«Լևոն Տեր-Պետրոսյանի համար կարևոր է ՀԱԿ-ը թողնել որպես մի կառույց, որը կշարունակի իր անուղղակի ղեկավարության տակ մնալ: Դա է դոմինանտ խնդիրը նրա համար: Ով դուրս կգա, ով կմնա, այնքան էլ չի հետաքրքրում իրեն: Առավելևս, որ Տեր-Պետրոսյանը ակնարկեց, որ այդ ուժերը իրենցից ոչինչ չեն ներկայացնում, և միայն ինքը կարող է ապահովել դրսի աջակցությունը: Եթե 10 տարվա ընդմիջումից հետո նա կարողացավ իր շուրջը հավաքել քաղաքական ուժերի, ապա մտածում է, որ երկրորդ անգամ էլ դա հնարավոր կլինի անել: Ու, թող լինի ոչ թե մեկ ՀՀՇ, այլ մի քանի, ոչ մի տարբերություն», – ասել է Բալանյանը: