ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հպարտ է, որ ՀՀՇ կուսակցության անդամների հետ միասին մի թիմ է կազմել, որն արդեն 5 տարի է՝ պայքարում է Հայաստանում ժողովրդավարության համար: Այս մասին նա հայտարարել է այս պահին ընթացող ՀՀՇ համագումարի ժամանակ:
Զուրաբյանը խոսել է ՀՀՇ-ի կարևոր դերակատարության մասին Հայաստանի անկախ պետականության կայացման գործում, մասնավորապես, հիշատակելով ազատ շուկայական տնտեսությանն անցումը և ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը: Նա ընդգծել է, սակայն, որ այսօր այդ նվաճումները վտանգված են:
«Սյս իշխանությունները ճնշման տակ են. մի կողմից Ռուսաստանն է, մյուս կողմից՝ Եվրամիությունը: Ցավն այն է, որ այսօր Հայաստանում ունենք մի իշխանություն, որ այդ ընտրությունը կատարելիս ոչ թե ղեկավարվելու է մեր ազգի շահերով, այլ միայն նրանով, թե որ ընտրությունը կվերարտադրի իր իշխանությունը:
Մենք չունենք մի իշխանություն, որը կարող է ապահովել հայ ժողովրդի սուվերեն անկախությունը: Հաջորդը շուկայական տնտեսությունն է, որը չունենք:
Այսօր Հայաստանի իշխանությունները բացահայտ ասում են, որ որևէ նպատակ չունեն պայքարելու մենաշնորհների դեմ: Եվ ամենաահավորը՝ վտանգված է մեր ձեռքբերումը ղարաբաղյան պատերազմում», – նշել է Զուրաբյանը:
ՀԱԿ համակարգողի խոսքով՝ դահլիճում է հավաքվել այն թիմը, որը Հայաստանում կանի իշխանափոխություն և կհաստատի ժողովրդավարություն:
«Այս իշխանությունները իրենց իշխանությունը պահելու համար, եթե պետք է՝ կարող են տասը մարդ սպանել, 150 քաղբանտարկյալներ տարիներով պահել բանտերում, եթե պետք է՝ գաղտնալսում անել, դա էլ կանեն:
Սա դաժան, ցինիկ ախոյան է, և մենք պետք է հասկանանք, որ Հայաստանում գնում է Թուրքմենստան դառնալու մի գործընթաց: Սյսօր Սերժ Սարգսյանի գլխավորւթյամբ իշխանությունը զբաղված է դրանով», – ասել է Զուրաբյանը՝ կոչ անելով միավորվել այդ ախոյանի դեմ պայքարելու համար և հասնել ժողովրդի վերջնական հաղթանակին:
Զուրաբյանը ելույթը եզրափակել է «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսով: