Անցած 2 տարիները ՀՀՇ-ի համար եղել են դժվարությունների և հաջողությունների տարիներ: Այս մասին ՀՀՇ այսօրվա համագումարին իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Դրանք պայմանավորված են եղել մեր կողմից ՀՀ-ում սահմանադրական կարգի վերականգնման և օրինական իշխանություն ձևավորելու խնդրով, ինչպես նաև գործող ռեժիմի կողմից ամեն գնով իշխանությունը պահելու, քաղաքական ուժերին ճնշելու քաղաքականությամբ, որն արտահայտվել է մեր ակտիվիստների, կուսակցության անդամների նկատմամբ իրականացվող շարունակական հետապնդումներով, ահաբեկումներով և ձերբակալություններով: Նշեմ, որ վերջին 5 տարվա մեջ ընդամենը 2 ամիս, 10 օր՝ 2011թ. հունիս-հուլիս ամիսներին է, որ ՀՀ-ն քաղբանտարկյալ չի ունեցել:
1999թ. հոկտեմբերի 27-ի ու 2008թ մարտի 1-ի ոճիրներով արմատակալած իշխանությունները Հայաստանում հետևողականորեն շարունակեցին վախի ու անպատժելիության մթնոլորտ ստեղծելը:
Բայց նրանց մեծագույն հանցագործությունը մենք համարում ենք քաղաքացիների դուրսմղումը ՀՀ քաղաքացիական ու քաղաքական կյանքից: Վաղուց այլևս ընտրական տեղամասերում չեն որոշվում ՀՀ-ում իշխանություն ձևավորելու խնդիրը: Ռեժիմի նպատակաուղղված և անօրինական գործողությունները քաղաքացիների մի ստվար զանգվածներին հասցրին հիասթափության, հուսահատության և անպետք լինելու զգացողության», – ասել է ՀՀՇ ղեկավարը:
Մանուկյանի խոսքով՝ հենց դրանք են եղել քաղաքացու ինքնամեկուսացման և արտագաղթի հիմնական դրդապատճառներից մեկը:
«Ու այսօր, չնայած արտագաղթի սրընթաց աճին, ընտրացուցակներում ավելանում են նաև ընտրողների թիվը: Սա, պարզապես, ծաղր է պետության, հայ ժողովրդի, յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ: Ուստի՝ այսպիսի իշխանություններից ազատվելը դարձել է խիստ անհրաժեշտություն:
Նրանք ինչպես ժամանակին օրակարգից դուրս մղեցին Ղարաբաղը՝ որպես բանակցային կողմ, այնպես էլ ֆիզիկապես դուրս են մղում Հայաստանի բնակչությունը Հայաստանից: Այս տարի արդեն արտագաղթի թիվը ավելի քան 70 հազար է, անցած 5 տարիներին՝ պաշտոնական տվյալներով, 200 հազար: Այս գործին իրենց անտարբեր կամ ակտիվ մասնակցությամբ լծված են պետական մարմինները, բազմաթիվ տուրիստական կազմակերպություններ, դեսպանատներում աշխատող ՀՀ քաղաքացիներ:
Արտագաղթի տեմպերը կարող են բերել մի սահմանի, որից հետո պետությունը պարզապես չկարողանա թոշակ ու նպաստ վճարել, ուսուցիչ ու աշակերտ պահել, բանակ և սահման կազմակերպել», – ասել է Մանուկյանը:
Նա ընդգծել է, որ ՀՀՇ-ն նորանկախ պետության ազատական մտքի առաջնեկն է ու առաջատարը:
«Ամենապրագմատիկն ու ամենամարտունակը, ամենափորձվածն ու ամենածրագրային: Լինելով ընդգծված գաղափարական ուժ՝ երբևէ կուսակցության շահը չենք գերադասել պետական շահից: Հանրային անվտանգությունն ու շահը միշտ գերակայել են կուսակցականից և հաճախ դրա համար ենք տուժել կամ մնացել ստվերում: Հաճախ մեր կուսակցական ընկերները լռությամբ տարել են զրկանքն ու բեռը: Բայց միևնույն է, մենք նվիրված ենք մեր ազատական գաղափարներին, լինելու ենք բաց քաղաքական ուժ, պատրաստ ենք բոլորի հետ ամեն ինչ քննարկել:
Մենք լինելու ենք հանդուրժող, և դա վերաբերելու է բոլորին, ովքեր ունեցել են սխալներ ու պատրաստ են վերադառնալ կամ ծառայել ՀՀ անկախության գործին:
ՀՀՇ-ն հետխորհրդային շրջանի անկախություն վաստակած եզակի կուսակցություններից է, և անքակտելի մաս է կազմում մեր ժողովրդի ժամանակակից պատմության: Մեր կուսակցությունը կգոյատևի այնքան ժամանակ, որքան ազատականությունը պետք կլինի ՀՀ զարգացման համար, և որքան հայ ժողովուրդը կուզենա պահպանել այն, և որքան մենք ազնիվ ու նվիրված կլինենք մեր գաղափարներին ու մեր երկրի Անկախությանը:
Համագումարին զեկուցում ենք՝ ՀՀՇ-ն իր ողջ թիմով, տարածքային կառույցներով պատրաստ է առաջիկա ներքաղաքական բոլոր զարգացումներին ու մարտահրավերներին», – ելույթը եզրափակել է Արամ Մանուկյանը: