5 տարվա ընթացքում Հայաստան է մտել 11.5 միլիարդ դոլար փող. մոտ 6.5 միլիարդը՝ Ռուսատանից, 2-3 միլիրարդը պետությունն է պարտք վերցրել, այսինքն՝ ամեն ընտանիքի հաշով՝ 17.000 դոլար, սակայն 4.5 միլիարդ կապիտալ է արտահանվել: Նման պարադոքսի մասին այսօր «Ազատություն» կուսակցության համագումարին խոսել է կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը՝ վերլուծելով իշխանությունների՝ նախորդ 5 տարվա վարած տնտեսական քաղաքականությունը:
Նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Բագրատյանը ասել է, որ գործող իշխանությունը ոչ միայն իր ծրագրին համապատասխան տնտեսական աճ չի ապահովել, այլև երկիրը ավելի վատ վիճակի է հասցրել, քանի որ աշխարհում ՀՆԱ-ն աճել է 10%-ով, իսկ Հայաստանում՝ 5%-ով, երկիրը լքել է 260.000 մարդ, 70.000 հեկտար հողեր չեն մշակվել, ներառյալ ոչ միայն սահմանամերձ ու անջրդի հողերը, այլև Արարատյան դաշտը:
«Ես չեմ ասում՝ չեն ուզում՝ լավ լինի: Չեմ պատկերացնում մի նախագահ, մի նախարար, որ չուզի: Սակայն հետևողական աշխատանք է պետք, ես դա չեմ տեսնում»,- ասել է Բագրատյանը՝ նշելով, որ իր տնտեսական ծրագիրը գրեթե համապատասխանում է ՀԱԿ-ի առաջարկած «100 քայլ» նախագծին:
Բագրատյանն ասել է, որ 3 միլիոնից պակաս բնակչություն ունեցող պետությունը դժվար չէ պահել, և նշել է մի քանի առաջնային փոփոխություն: Ըստ Բագրատյանի՝ բնակչության 40%-ը պետք է ստեղծագործ աշխատանքով զբաղվի, մինչդեռ մեր երկրում մարդիկ նախընտրում են բանվորություն անել՝ վստահ լինելու համար, որ օրվա հացի փող կունենան, արդյունքում ստեղծվում են կոլխոզներ հիշեցնող հողամասեր, որոնք պատկանում են մեծահարուստների: Երկրորդ խնդիրն այն է, որ Հայաստանն աշխատում է բանկերի համար, և բանկիր դառնալը առանց որևէ ռիսկի երաշխավորում է եկամուտ, քանի որ խրախուսվում է Կենտրոնական բանկի կողմից: Սակայն, մասնագիտական բանկեր այդպես էլ չեն ստեղծվում:
«Ես բարդություն չեմ տեսնում, ես պատկերացնում եմ ամեն մի քարը, ամեն մի աղյուսը»,- ասել է նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը: