Հատկապես նախատոնական օրերին Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հատուկ հսկողություն է իրականացնում հիմնականում սոցիալական նշանակության ապրանքների շուկաներում, որտեղ կան խոշոր տնտեսվարողներ և գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներ: Այս մասին այսօր ամփոփելով տարին հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա տեղեկացրել է, որ նախատոնական օրերին որոշ խանութներ առաջարկում են գրավիչ զեղչեր նոր հաճախորդներ ներգրավելու նպատակավով և Հանձնաժողովը համապատասխան ուսումնասիրություն իրականացնելու արդյունքում պարզել է, որ շատ ժամանակ զեղչերը չեն համապատասխանում իրականությանը:
«Քիչ առաջ ավարտվեց մեր հանձնաժողովի հերթական նիստը և մեր հանձնաժողովի նիստի արդյունքում վարչական վարույթներ հարուցվեցին մի շարք խանութների նկատմամբ: Դա «Արայ», «Տեխնոլայֆ» և «Վեգա» վաճառասրահներն են:
«Արայ» և «Տեխնոլայֆ» խանութները sms-ներ են ուղարկել բազմաթիվ քաղաքացիների, որում նշված է, որ մինչև 100 000 դրամի չափով զեղչ են տրամադրում իրենց խանութներից առևտուր անող քաղաքացիներին և նաև նշում են, որ դա եզակի ակցիա է իրենից ներկայացնում: Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շատ ապրանքներ չեն զեղչվում և զեղչը տարածվում է ընդամենն ապրանքների որոշ տեսականու վրա, և դա ոչ թե եզակի, այլ սովորական ակցիա է: Իսկ «Վեգան» էլ հայտարարում է, որ 110 տոկոսի չափով զեղչ է տրամադրում և հանձնաժողովը պարզել է, որ դա անիրատեսական է և վարչական վարույթներ է հարուցել այս մի քանի ընկերությունների նկատմամբ», – նշել է Արտակ Շաբոյանը:
Խոսելով նաև տարվա գործունեության արդյունքների մասին՝ Շաբոյանն ասել է, որ ուսումնասիրություններ են կատարվել բենզինի, դիզվառելիքի, պարարտանյութերի, կաթնամթերքի, երշիկի արտադրության, կապի և տրանսպորտի, հեռահաղորդակցության, դեղորայքի և էլի մի շարք ոլորտներում: Արդյունքում բազմաթիվ խնդիրներ են բացահայտվել և չարաշահող տնետսվարողները ենթարկվել են պատասխանատվության:
«Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եղել խոշոր տնտեսվարողները, հատկապես գերիշխող դիրք զբաղեցնող, մենաշնորհային դիրք զբաղեցնող տնտեսվարողները, և հանձնաժողովը պատասխանատվության միջոցներ է կիրառել մի շարք խոշոր ընկերությունների նկատմամբ՝ Հայաստանի էլեկտրացանցերի, «Հարավկովկասյան» երկաթուղիների, «Արմենթելի», «Հայփոստի» նկատմամբ, 100 միլիոն դրամի չափով տուգանք է նշանակվել բենզինի և դիզվառելիքի ոլորտի ամենախոշոր ընկերության SPS-ի նկատմամբ», – ասել է Արտակ Շաբոյանը:
Անդրադառնալով նաև պետգնումների ոլորտում կատարված բացահայտումներին՝ Շաբոյանն ասել է, որ այս ոլորտում ուսումնասիրություններն առաջին անգամ են իրականացվում և իրենք առաջինը սկսել են բուժհաստատություններից:
Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել են, որ բուժհաստատությունները, դեղեր վաճառող տնտեսվարող ընկերությունները հակամրցակցային համաձայնություններ են իրականացրել և մոտ երկու տասնյակ բուժհաստատություններ և տնտեսվարողներ դրա համար հրապարակային ենթարկվել են պատասխանատվության:
Վերջինս նաև նշել է, որ իրենց հանձնաժողովը ընդունել է պատասխանատվության միջոցներ սահմանող 214 որոշում, իսկ նշանակված տուգանքների գումարը կազմել է 244 միլիոն դրամ: