ՀՀ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և ՀՀԿ-ական պատգամավոր, նույն հանձնաժողովի փոխնախագահ Դավիթ Հարությունյանը դեկտեմբերի 24-ի երեկոյան «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում բանավիճել են հանձնաժողովի գործունեության շուրջ հակասությունների մասին՝ միմյանց մեղադրելով տոտալիտարիզմի և 1937 թվականին արձանագրված ստալինյան գործելաոճը կրկնելու մեջ:
Դավիթ Հարությունյանը հիմնավորել է հանձնաժողովում իշխող կուսակցության անդամների թիվն ավելացնելու առաջարկը նրանով, որ, համաձայն ժողովրդավարական սկզբունքների, ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը չպետք է հանձնաժողովում մեծամանություն ունենան: Հարությունյանի խոսքով՝ այդ առաջարկին դեմ լինելը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը կողմ է տոտալիտարիզմին: ՀՀԿ-ականը պնդել է, որ հանձնաժողովի մասին օրենքը ներկայացնելու ժամանակ ՀՀԿ-ն չի իմացել, որ ԲՀԿ-ն իշխանության մաս չի կազմելու, և ստացվել է այնպես, որ հանձնաժողովում ընդգրկվել են 3 ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ (ՀՅԴ, Ժառանգություն, ՀԱԿ), 2՝ իշխանական (ՀՀԿ, ՕԵԿ) և 1 խմբակցության ներկայացուցիչ, որն իրեն այլընտրանք է համարում:
Նիկոլ Փաշինյանը հակադարձել է` նկատելով, որ օրենքը ներկայացնելու ժամանակ խոսքը եղել է ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր ուժերի հակակշռի մասին, և Էթիկայի հանձնաժողովում ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր ուժերը 3-ական են եղել:
Հարությունյանի այն դիտարկման հետ, թե ԲՀԿ-ն դեմ է քվեարկել բյուջեին, ուստի նրան կարելի է ընդդիմադիր քվեարկել, Փաշինյանը չի համաձայնել՝ նշելով, որ ապագայում կերևա ԲՀԿ-ի ով լինելը:
Փաշինյանը նաև ընդգծել է, որ իրեն տոտալիտարիստ է անվանում մի կուսակցության ներկայացուցիչ, որը ողջ հանրապետությունում մեծամասնություն է, և Հայաստանում անգամ մանկապարտեզի տնօրեններն են պարտավոր ՀՀԿ-ական լինել:
ՀԱԿ խմբակցության պատգամավորի խոսքով՝ իշխող կուսակցությունը մեծամանության է հասել ոչ թե արդար ընտրությունների միջոցով, այլ «10-ը մարդ գնդակահարելով»՝ նկատի ունենալով մարտի 1-ի իրադարձությունները:
Հարությունյանը հրաժարվել է խոսել մարտի 1-ի մասին՝ նշելով, որ Փաշինյանը շահարկում է այդ հարցը և բանավեճը նվիրված է այլ թեմայի:
Կողմերը անդրադարձել են նաև Էթիկայի հանձնաժողովում ՀՀԿ-ի առաջարկած օրենքի առաջին տարբերակին:
«Տեսնելով, որ չի կարողանում կազմալուծել հանձնաժողովի աշխատանքը, ՀՀԿ-ն որոշեց առաջնորդվել «ոչ ինձ, ոչ քեզ» սկզբունքով», – ասել է Փաշինյանը` այս սկզբունքը համարելով Հարությունյանի նախագծի նպատակը: Հիշեցնենք, որ նախագծի նախնական տարբերակի համաձայն, ՀՀԿ-Ն և ՕԵԿ-ը պետք է հավասար թվով անդամներ ունենային Էթիկայի հանձնաժողովում մյուս 4 խմբակցությունների հետ: Փաշինյանի խոսքով՝ դա հաճախ կարող էր խնդիրների լուծում չապահովել, ինչն էլ նշանակում է, որ հանձնաժողովի աշխատանքը պետք է փաստորեն աննպատակ լիներ: Հենց այդ պատճառով էլ ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ նախագիծն անցկացնելու դեպքում իրենք կբոյկոտեն հանձնաժողովի աշխատանքները: Հարությունյանը պնդել է, որ, համաձայն ժողովրդավարության սկզբունքների, իշխող ուժերը և ընդդիմությունը գոնե պետք է հավասար թվով ներկայացված լինեն հանձնաժողովում: Նշենք, որ նախագծի երկրորդ տարբերակի համաձայն, որն ընդունել է ընդդիմությունը, հանձաժողովը պետք է ունենա 7 անդամ, որոնցից 3-ը ընդդիմությունից, 3-ը՝ իշխանական կոալիցիայից և 1-ը՝ ԲՀԿ-ից:
Բանախոսներն անդրադարձել են նաև դեկտեմբերի 7-ին հանձնաժողովի նիստի օրինական լինելու հարցին:
Փաշինյանը խնդրել է Հարությունյանին ցույց տալ ԱԺ կանոնակարգ-օրենքի կամ հանձնաժողովի կանոնակարգի որևէ կետ, որն ինքը խախտել է, ինչը Հարությունյանը չի արել: Նա, սակայն, պնդել է, որ իրեն ձայն չտալու որոշում կայացնելով՝ Փաշինյանը չարաշահել է հանձնաժողովի նախագահի իրավունքները:
ՀՀԿ-ականը մի քանի անգամ նշել է, որ վտանգավոր կլինի, եթե «Փաշինյանն ու իր թիմակիցները գան իշխանության», որովհետև, օրինակ, նրանց մոտ առկա են տոտոլիտարիզմի դրսևորումներ:
«Այո, վտանգավոր կլինի ՀՀԿ շատ անդամների համար, ովքեր ոչ միայն ԱԺ-ում չեն լինի, այլ կհայտնվեն համապատախան վայրերում, և միջազգային հանրությունը չի պահանջի նրանց ազատ արձակել», – ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ի նիստին քննարկվել է նոյեմբերի 21-ին խորհրդարանի 48 պատգամավորների կողմից արտահերթ նստաշրջան հրավիրելուց հետո 83 պատգամավորների կողմից այդ նիստը բոյկոտելու հարցը:
Հարությունյանը կարծում է, որ այդ 83 պատգամավորների գործերը առանձին պետք է քննվեն և դրանք միասնաբար քննելու Փաշինյանի «կոլեկտիվ մոտեցումը հիշեցնում է 37 թիվը»:
ՀԱԿ անդամը հակադարձել է՝ նշելով, որ Դավիթ Հարությունյանը այն մարդկանցից է, ով ամեն ինչ արել է, որպեսզի «37 թիվը գործնական կրկնություն ունենա Հայաստանում և այդ մասին հիշատակել զվարճալի է», քանի որ ներկայիս իշխանությունները մի քանի տարի առաջ մարդկանց տասնյակներով բանտ էին նետում: Ըստ Փաշինյանի` բոլոր 83 պատգամավորների գործը վերաբերում է նույն առարկային ու դրանք առանձին քննելու հարկ չկար: