Home / Հայաստան / Ոստիկանները թույլ չտվեցին կնոջը վրան տեղադրել նախագահական նստավայրի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանները թույլ չտվեցին կնոջը վրան տեղադրել նախագահական նստավայրի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շուրջ 200 օր նախագահական նստավայրի դիմացի մայթին բողոքի ակցիա անցկացնող Էմմա Սահակյանին ոստիկանները թույլ չեն տվել վրան տեղադրել: Երեկ բողոքող կինը Еpress.am-ի հետ զրույցում նշել է, որ իր ինքնազգացոությունը ցրտից կտրուկ վատացել է, ու այլևս չի կարողանում գիշերել բաց երկնքի տակ: Նա պատմել է վրան տեղադրելու առաջին փորձի մասին:

«Հոկտեմբերի 30-ի գիշերը 12-ին տեղադրեցի, առավոտյան ժամը 9-ի սահմաններում  եկան, ինձ ու իրերս հանեցին վրանից, հետո վրանը քանդեցին ու կոտրեցին: Հեղինակը Արաբկիրի ոստիկանության աշխատակից Սուրիկ Գրիգորյանն էր, ով իր հետ տարավ վրանը: Ես զանգեցի ՄԻՊ-ի գրասենյակ ու օգնություն խնդրեցի: Աշխատակիցները եկան ու Գրիգորյանի հետ բանակցելուց հետո վերադարձրին վրանը», – նշել է Սահակյանը:

Երկրորդ անգամ վրանը տեղադրելու համար պատճառ է հանդիսացել ցուրտը:

«Այն ժամանակ ցուրտը այսքան չէր նեղում, հիմա պարզապես անհնար է դիմանալ. ամբողջ մարմինս ցավում է, երիկամներս՝ նույնպես, ոտքերս չեն ենթարկվում, ցրտից ծնկներս չեն ծալվում, քայլելուց ընկնում եմ», – ասել է կինը:

Ավելի ուշ, երբ կինը փորձել է տեղադրել վրանը, նրան են մոտեցել Բաղրամյան 26-ի մոտ հսկողություն իրականացնող ոստիկանները, այնուհետ՝  պարեկապահակային ծառայության աշխատակիցները և հորդորել հավաքել վրանը:

Ոստիկանները շեշտել են, որ նախագահական նստավայրը հատուկ պահպանման տարածք է, իսկ Սահակյանը հակադարձել է, որ ինքը իրավունք ունի տեղադրել վրանը ցանկացած վայրում, որտեղ անցկացնում է ակցիան:

Ոստիկանները սպառնացել են նրան դուրս հանել վրանից, ինչին Սահակյանը չի համաձայնել:

Բողոքող կինը ոստիկանների ներկայությամբ զանգահարել է ՄԻՊ-ի գրասենյակ և օգնություն է խնդրել: Գրասենյակից կնոջը պատասխանել են , որ իրենց աշխատակիցները ճանապարհին են և շուտով տեղ կհասնեն: Սահակյանը ոստիկաններին խնդրել է մի փոքր համբերել՝ մինչև «օգնությունը տեղ կհասնի»:

Մոտ 10-15 րոպե սպասելուց հետո ոստիկաններն ասել են, որ իրենք այլևս համբերել չեն կարող ու չենթարկվելու դեպքում սպառնացել են կնոջը բաժին տեղափոխել:

Սահակյանը կրկին զանգահարել է ՄԻՊ-ի գրասենյակ՝ պարզելու, թե որքան ժամանակ հետո տեղ կհասնեն աշխատակիցները: Գրասենյակից կնոջը պատասխանել են, որ իրենց աշխատակիցները գալիս են Ծաղկաձորից:

Ոստիկանները կնոջը ուժով դուրս են բերել վրանից ու հավաքել վրանը: Բողոքող կինը ամբողջ ընթացում լացակումած բղավել է, որ ոստիկանները հեռանան:

«Իրենց կարելի է պալատներում ապրել, իսկ ինձ պալատկայի տակ ապրելու իրավունք էլ չկա», – ասել է բողոքող կինը:

Գիշերը 12:30-ին նա կրկին փորձել է վրան տեղադրել, սակայն ոստիկանները դարձյալ չեն թույլ տվել, և վրանը կոտրել են: Այժմ նա պատրաստվում է բողոք գրել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ պահանջելով վերադարձնել վրանը, քանի որ այն իրենը չէր, պարզապես մարդիկ ժամանակավոր տվել էին իրեն պատսպարվելու համար: