Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթում լույս է տեսել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքական տարին մեկնարկելիս» հոդվածի երկրորդ մասը: Առաջին մասը տպագրվել էր երեկ, և մեր կայքում ներակայացվել էր հատվածաբար: Ներկայացնում ենք երկրորդ մասի որոշ հատվածները:
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ 2011 թվականին՝ իշխանությունների հետ երկխոսության փուլում, Հայ Ազգային Կոնգրեսի դիրքորոշումը հստակ էր. եթե երկխոսությունը չի հանգեցնում արտահերթ ընտրությունների, Կոնգրեսը պետք է գնա ջրբաժանի ճանապարհով:
«2011 թվականի օգոստոսի 9-ին տեղի ունեցավ ոստիկանական հայտնի սադրանքը՝ Կոնգրեսի ակտիվիստների դեմ, և Հայ Ազգային Կոնգրեսը որոշում կայացրեց առկախել երկխոսության գործընթացը, քանի որ ձերբակալված ակտիվիստներից Տիգրան Առաքելյանն ազատ չարձակվեց և երկխոսությունն առկախելու օրվա դրությամբ շարունակում էր մնալ բանտում (մինչև օրս էլ բանտում է): Ու քանի որ առկախման մասին հայտարարել էր Հայ Ազգային Կոնգրեսը, հենց նա պետք է իր վրա վերցրներ իրադարձությունների հետագա զարգացման սցենարիստի և ռեժիսորի դերը: Սցենարը, ավելի ճիշտ, հրապարակված էր նախապես. Երկխոսության ձախողման դեպքում՝ ջրբաժան, մնում էր, ուրեմն, իրականացնել այդ ջրբաժանը: Ֆորմալ առումով դա տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ին, երբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարեց շուրջօրյա հանրահավաքի մեկնարկը, որի հիմնական պահանջը դարձավ ոչ թե «Սերժ Սարգսյանի և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը», այլ «մինչև տարվա վերջ անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ»», – գրում է Փաշինյանը:
Նա ընդգծում է, որ այդ պահանջը հնչեցրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, և նրա ելույթից երևում էր, որ Կոնգրեսը չի գնում ջրբաժանի, իշխանափոխության փորձ չի անում:
«Ելույթից հետո մեկ ժամվա ընթացքում տեղի ունեցավ մեկ այլ արտառոց իրադարձություն: Կոալիցիայի պատվիրակության հետ երկխոսող կոնգրեսական պատվիրակության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանրահավաքի հարթակից հայտարարեց, թե երկխոսության վերսկսելու հետ կապված հարցեր ճշտելու նպատակով փորձել է կապվել կոալիցիոն պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ, բայց չի կարողացել: Սա երկխոսության շրջանի նախորդ տարիների ռիտորիկայի կատարյալ փլուզում էր, և այս պայմաններում հասկանալի էր, որ ջրբաժան, նույնիսկ ջրբաժան light չի ստացվի», – նշում է Փաշինյանը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններին՝ քաղաքագիտական վերլուծությանը, ապա Փաշինյանը նշում է, որ այդ առնչությամբ Կոնգրեսի ներկայացուցիչները պետք է բացատրություն տան հանրությանը:
«Խոսքս չի վերաբերում հարցրին՝ ճի՞շտն էր արդյոք քաղաքագիտական վերլուծությունը, թե սխալ: Նման թեմայով բանավեճը նույնիսկ անլուրջ եմ համարում, որովհետև եթե կոնգրեսից որևէ մեկը հաջողություն պիտի համարի քաղաքագիտական վերլուծության արդյունքը, նշանակում է մեծ հաղթանակ է համարում սեփական տան վրա ատոմային ռումբի պայթելը:
Տվյալ խնդրի համատեքստում կան շատ ավելի հրատապ հարցեր և դրանցից մեկը առավել կարևոր է: ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես հայտնի է, «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցով է հայտարարել, որ չի պատրաստվում առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու: Որպես նման որոշման առանցքային փաստարկ Տեր-Պետրոսյանը հիշատակում է իր 68 տարեկան լինելը: Այս արձանագրումը, սակայն, ոչ միայն պատասխաններ է տալիս, այլև հարցեր առաջացնում: Մեկ տարի առաջ, երբ պարզ էր, որ Հայ ազգային կոնգրեսը չկարողացավ իր հիմնական պահանջի արտահերթ ընտրությունների անցկացման իրականացմանը և շրջանառության մեջ էր դրվում հայտնի քաղաքագիտական վերլուծությունը՝ Տեր-Պետրոսյանը, բնականաբար, չէր կարող չհաշվարկել, որ նախագահական առաջիկա ընտրությունների շրջանում լրացած է լինելու իր 68-ամյակը, և դեկտեմբերի 25-ի հարցազրույցի տրամաբանությամբ, ինքը չի կարող առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու, որովհետև, ինչպես ինքն է ասել, «68 տարեկանում սեփական ժողովրդին հարգող մարդը չի կարող հավակնել նախագահի պաշտոնին:
Բայց սա արձանագրել և անցնել առաջ չի ստացվում, որովհետև երբ ետահայաց նայում ենք իրադարձություններին, անխուսափելիորեն ծագում է հետևյալ հարցը. երբ գրեթե բոլորը մտածում էին, թե 2013 թվականին Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է, ինքը գիտեր, որ չի առաջադրվելու: Ո՞ր էր, ուրեմն, 2013 թվականի նախագահական ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի մասնակցության վերաբերյալ նրա ունեցած պատկերացումը: Ինչպե՞ս, ի՞նչ ձևաչափով պետք է մասնակցեր Կոնգրեսը 2013 թվականի նախագահական ընտրություններին, պիտի ունենար սեփակա՞ն թեկնածու, թե պետք է պաշտպաներ այլ թեկնածուի, թե՞ պետք է ունենար սեփական թեկնածու, որը պետք է հընթացս հաներ թեկնածությունը հօգուտ մեկ այլ թեկնածուի, թե պիտի գնար բոյկոտի: Այս պատասխաններից յուրաքանչյուրը քննարկելի է, ձևակերպելի, հարցը, սակայն, հետևյալն է. կա՞ր այդ սցենարներից որևէ մեկը Տեր-Պետրոսյանի մտքում, եթե այո, ինչո՞ւ հանրությունը այդ մասին չգիտեր, եթե ոչ, ո՞ւր էինք, ուրեմն, ուզում տանել Հայ ազգային կոնգրեսը: Բայց չէ՞ որ սա այն տեղը չէ, ուր պիտի հասնեինք, երբ Սերժ Սարգսյանի կողմից Բաղրամյան 26-ի վերանվաճումը ընդամենը տեխնիկական խնդիր են ուզում դարձնել: Ի՞նչ ենք պատասխանելու այն մեղադրանքներին, թե Սերժ Սարգսյանից սեփական ձեռքերով 21-րդ դարի Եղիազար Այնթափցի ենք կերտել:
Սրանք ցավալի, չափազանց ցավալի հարցեր են, բայց պատասխանատու քաղաքական ուժը, պատասխանատու քաղաքական գործիչը չի կարող տրվել դրանցից խուսափելու գայթակղությանը, որովհետև սեփական ժողովրդի նկատմամբ հարգանք ունենալ նշանակում է նրան բացատրել սեփական քայլերի տրամաբանությունը», – իր հոդվածի երկրորդ մասը եզրափակում է Նիկոլ Փաշինյանը: