Դալմայի այգիների հողօգտագործողներն այսօր առավոտյան հերթական բողոքի ակցիան են անցկացրել նախագահական նստավայրի մոտ՝ հուսալով, որ նախագահ Սերժ Սարգսյանը նստավայր ժամանելիս կմոտենա իրենց: Սակայն նախագահի փոխարեն ակցիայի մասկանիցներին հանդիպելու եկավ Երևանի քաղաքապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Կարապետյանը:
Epress.am-ի հետ զրույցում Կարապետյանն ասել է, որ Դալմայի հողօգտագործողների բողոքները լուծում կստանան առաջիկա 2-3 ամիսների ընթացքում:
«Մենք հիմա երրորդ կողմ ենք, Դալմայի հողերի ինվեստորների և հողօգտագործողների միջև: Մենք աշխատում ենք օգնել նրանց մի ընդհանուր եզրակացության գալ: Արդեն ընդամենը 18 հողօգտագործողների հարց է մնացել»,- ասել է Կարապետյանը:
Ակցիայի մասնակից հողօգտագործողները, սակայն, ասել են, որ քաղաքապետարանի աշխատակցի խոստմանը չեն հավատում և որ իրենց հարցը կարող է լուծել միայն Սերժ Սարգսյանը, եթե նման կամք դրսևորի: Նման հեռանկար, նրանց խոսքով, հավանական է՝ հաշվի առնելով, որ նախագահական ընտրություններն են մոտենում:
Օգտնվելով առիթից, որ քաղաքապետարանի ներկայացուցիչը պատրաստ է լսել իրենց, հողօգտագործողներից մեկը՝ Ռուբեն Ռուստամյանը, հարցրել է, թե ինչու իրենց թույլ չի տրվում ավելի քան 10 տարի մշակած հողերը գնել: Կարապետյանն ասել է, որ հողերը հանվում են աճուրդի, իսկ դրանց գները սահմանում է կադաստրը, իսկ հողօգտագործողները աճուրդին մասնկացելու որևէ արտոնություն չունեն:
Կարապետյանի խոսքով՝ հողօգտագործողների շահերից չի բխում օրենքներ և իրավական հիմնավորումներ հիշել, քանի որ 1990-ականներին նրանց հողերը տրվել են առանց մրցույթի, ինչը ևս խախտում է, և նման որոշումների վրա չի կարելի հիմնվել:
«Իմ քարի տունը մի օրում քանդել են 2004 թվականին: Օրենքով, երբ 10 տարուց ավելի վարձակալել ես հողը, այն դառնում է քոնը: Հիմա ասում են՝ օրենք, որոշում մոռացեք»,- ասել է Ռուբեն Ռուստամյանը:
Պարզվում է, որ եթե որոշ հողօգտագործողներ դժգոհում են, թե իրենց հողերն աճուրդի են հանվել, մյուսները՝ թե ինչու չեն հանում աճուրդի, որպեսզի իրենք կարողանան դրանք գնել:
«Այն հողերը, որոնք դեռ չեն հանվել աճուրդի, ուրեմն համապատասխան գնորդ չի հայտնվել: Այդ է պատճառը»,- ասել է հողօգտագործող Ռուբեն Ռուստամյանը: