2011 թվականին ոստիկանության կողմից բացահայտված հանցավոր խմբավորման գործով ձերբակալված ազգությամբ եզդի 18-ամյա Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը, այսօր վաղ առավոտյան եկել էր Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ՝ ինքնահրկիզվելու նպատակով:
Կնոջ խոսքով՝ տղան ունի մի շարք առողջական խնդիրներ, և ինքը բազմիցս դիմել է համապատասխան մարմիններին՝ որդուն 10.000 դոլար գրավի դիմաց ազատ արձակելու ու բուժման տանելու խնդրանքով, ինչը մերժվել է: Նա բազմիցս շեշտել է, որ Քյարամն անմեղ է. դա են ապացուցում մի շարք փաստեր, մասնավորապես, այն, որ Քյարամի մատնահետքերի, արյան ու քրտինքի փորձաքննությունը պարզել է, որ դրանք չեն համընկնում ավազակային հարձակումներն իրականացնողների թողած հետքերի հետ: Այնուամենայնիվ, ծնողը նշում է, որ բուժումից հետո Քյարամը պատրաստ կլինի կանգնել արդարադատության առջև:
Այսօր Ամոյանը՝ շշով բենզինն ու կրակայրիչը ձեռքում պահած, սպառնացել է, որ ինքնահրկիզվելու է, եթե այսօր նախագահ Սերժ Սարգսյանը չընդունի ու չլսի իրեն:
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիա անցկացնող Ամոյանի ազգականներն ու ծանոթները, ովքեր ամբողջ ակցիայի ընթացքում ձեռքներին էին պահել՝ «Ամբողջ աշխարհի եզդիների անունից խնդրում եմ ազատ արձակել անմեղ երեխային՝ Քյարամ Ամոյանին» գրությամբ պաստառը, պնդել են, որ, չնայած ոստիկանների արգելքներին, իրենք չեն հեռանա ակցիայի վայրից: Նրանք նշել են, որ պատրաստ են ինքնահրկիզվել Ամոյանի հետ:
«Մենք քրիստոնեա ենք, թուրք չենք. տարիուկես տանջանք ենք կրել, հիմա ուզում եմ, որ հիվանդ երեխուս թողնեն, տանեմ բուժեմ. ես ասում եմ՝ հիվանդ ա, ստեղ ասում են՝ չէ: Ես էսօր ինձ պետք ա վառեմ՝ էս բոլորին էլ հետս: Սաղ երեխեքին դասից հանել բերել եմ, սաղ պարապող երեխեք են, սաղ էս հողի համար ծառայող տղերք են, ես ո՞նց կարող ա թույլ տամ՝ սրանք գնան-ծառայեն: Ավելի լավ ա՝ վառեմ, քան թե գնան-ծառայեն», -ասել է Ամոյանը՝ մատնանշելով իր հետ բողոքի ակցիայի մասնակցող մեկ տասնյակ պատանիներին:
Ակցիայի վայրում հավաքված ոստիկանները ամբողջ ընթացքում հորդորել են Ամոյանին իրենց փոխանցել բենզինով շիշն ու կրակայրիչը, ինչին ի պատասխան Ամոյանը բացել է շիշն ու մեկնել ոստիկաններին՝ հավաստիանալու համար, որ ինքը չի ստում և շշի պարունակությունն էլ ոչ այլ ինչ է, քան բենզին:
«Բավական է՝ մենք էս հողում զուլում ենք քաշում. եթե մեր հետ էս տեսակ են վարվելու, ուրեմն թող մեզ հանձնեն Ադրբեջանին: Եթե Սաֆարովը միանգամից էր սպանել Մարգարյանին, ապա սրանք կամաց-կամաց են մեզ վերացնում: 2008-ի նախագահական ընտրություններին աշխատել եմ ՀՀԿ-ի համար. Քանաքեռ-Զեյթունի մեծ մասին խնդրել եմ, որ ընտրեն Սերժ Սարգսյանին: Ինչի՞ համար եմ ընտրել, եթե այսօր ինձ հուզող հարցերը չեմ կարողանալու նրան ուղղեմ: Թող գոնե լսի, իմանա, թե ինչ ցավ ունեմ, բայց ինչքա՞ն կարելի է», -ասել է բողոքող կինը:
Մինչ նախագահի՝ աշխատավայր ժամանելը, ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև մի քանի անգամ քաշքշուկ է տեղի ունեցել, ինչից հետո ոստիկանները արգելել են կանանց ու պատանիներին մոտենալ մայթեզրին:
Ամոյանը ոստիկաններին խոստացել է, որ ինքը ոչ մի կտրուկ քայլ չի անի, եթե թույլ տան հանգիստ կանգնել մայթեզրին ու բաց պահեն տեսադաշտը, որպեսզի նախագահը տեսնի իրենց:
Ավելի ուշ, երբ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը մոտեցել է նստավայրին՝ ակցիայի մասնակիցները՝ մայթեզրին կանգնած, վանկարկել են՝ «նախագա՛հ, նախագա՛հ», այնուհետ Ամոյանն ասել է, որ ինքը ևս 10 րոպե է սպասելու, ինչից հետո իր քայլերի համար այլևս պատասխանատու չէ:
«Գնում եմ ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանի մոտ ու հարցնեմ՝ վերջապես թույլ տալի՞ս են մտնել նախագահի մոտ»,- ասել է Ամոյանը՝ ում ոստիկաններն ուղեկցել են Ասատրյանի մոտ:
Քիչ անց Ամոյանը դուրս է եկել նամակների բաժնից ու նշել, որ ինքը փոխում է որոշումը և դադարեցնում է ակցիան, քանի որ Ասատրյանը հորդորել է սպասել մինչ հաջորդ դատավարության օրը՝ հունվարի 21-ը:
«Ասատրյանն ասաց, որ 21-ի դատի ընթացքից շատ բան պարզ կդառնա, ու դրանից հետո մենք կկարողանանք օգնել», – նշել է Ամոյանը:
Հեռանալուց առաջ բողոքող կինն ասել է, որ ինքը կսպասի և մեկ շաբաթ, այնուհետ կորոշի անելիքը: