Անիմաստ է մասնակցել ընտրությունների, որոնցում բոլոր 4 թվերը կեղծվելու են, կարծում է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
«Նախ՝ ընտրողների թիվը կեղծվելու է գյուղապետերին մասնակցության կոնկրետ թիվ «գրել» ստիպելով, և այն ունենալու է նպատակ ստեղծել իմիտացիա, որ Սերժ Սարգսյանը հաղթել է հայաստանցիների մեծ մասի կամքով, այլ ոչ թե, օրինակ, 10% ընտրողների մեջ», – ասել է Բադալյանը:
Ըստ փորձագետի՝ կեղծվելու է նաև երկրորդ տեղը զբաղեցնող թեկնածուի անունը. դա ևս որոշվելու է Բաղրամյան 26-ում (Նախագահի նստավայր – Epress.am), երկրորդ տեղը զբաղեցնելու է կամ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, կամ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
Ըստ Բադալյանի՝ կեղծվելու է նաև Սերժ Սարգսյանի և երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի միջև տարբերությունը:
«Քանի որ Եվրոպան պահանջում է մրցակցային ընտրություններ, Սերժ Սարգսյանը չի կարող նշանակվել 85% արդյունքով: Այդ պատճառով Սերժ Սարգսյանի տոկոսը իջեցվելու է, քանի որ չի կարող երկրորդ տեղը 10% հավաքած թեկնածուն զբաղեցնել»,- ասել է Բադալյանը՝ հավելելով, որ, փաստորեն, կեղծում կարվի նաև ի օգուտ ընդդիմադիրների:
Արմեն Բադալյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի համար շատ ավելի ձեռնտու կլիներ, որպեսզի ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը մասնակցեին ընտրություններին և պարտվեին, իսկ որ պարտվելու էին, Բադալյանի կարծիքով, միանշանակ է:
«Եթե հիմա ՀՀԿ-ականներն աշխատում են Սերժ Սարգսյանի համար, որը այնքան էլ մեծ աշխատանք չի պահանջում, ապա փետրվարի 18-ից հետո ամեն մեկն աշխատելու է իր համար, և ասելու են՝ մնաց 5 տարի: Կառաջանա նաև ժառանգականության հարցը, և այդ ժամանակ կսկսվի իրական պայքարը»,- ասել է փորձագետը:
Ներկա քաղաքական իրավիճակը, Բադալյանի խոսքով, պայմանավորված է նրանով, որ հայ հասարակությունը չի մասնակցում քաղաքական պրոցեսներին, իսկ եթե դա չի անում հասարակությունը, դա անում են դրսի ուժերը: «Ժողովուրդը պետությանն է բոյկոտել: Բոյկոտն արդեն տեղի է ունեցել»,- ամփոփել է Բադալյանը: