Չկա Սերժի Հայաստան, չկա Րաֆֆիի Հայաստան, կա Հայաստան, որտեղ ընտրությունների միջոցով ժողովուրդը իշխանություն ձևավորելու հնարավորությունից զրկված է, և այս առումով թե նախագահն է, ըստ էության, նշանակված, թե խորհրդարանական ուժերն են, ըստ էության, գործարքով խորհրդարան մտել, որովհետև չի եղել ընտրություն, որի արդյունքների հետ բոլորը համաձայնեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքական գործիչ, դիվանագետ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:
«Այսօր մենք հասել ենք վերջնագծին, երբ գործող իշխանությունը պոտենցիալ քաղաքական մրցակից կուսակցություններին, ըստ էության, շանս չթողեց ընտրությունների միջոցով արդյունք գրանցել: Դրա հիմնական տուժողը հասարակությունն է, ու եթե այսօր հասարակությունն իրեն պաշտպանելու միջոցներ չձեռնարկի, մենք կունենանք մենաշնորհով, շատ մշուշոտ տխուր ապագայով պետություն», – ասել է նախագահի թեկնածուն:
Նրա խոսքով՝ իր թիմը հրաժարվում է իշխանություններին որևէ բան ապացուցելու սովորույթից, ինչը սովորաբար արվել է իրենց ներկայացուցչին սատարող քաղաքական ուժերի կողմից, ովքեր փորձել են ապացուցել, որ հենց իրենց ներկայացուցիչն է հաղթել ընտրություններում:
«Մեր խնդիրն է, որպեսզի ընտրությունները լինեն իրավաչափ: Մենք սկսելու ենք ընտրությունների իրավաչափությունները որոշել մինչև ընտրությունները», – ասել է Մելիքյանը:
Ըստ բանախոսի՝ ընտրությունների բոյկոտն ի սկզբանե կանխատեսելի էր՝ գործող իշխանության հիմնական մրցակից համարվող քաղաքական ուժերը հրաժավեցին պայքարից:
«Ասպարեզում հայտնվեցին այն մարդիկ, որոնց կարող են գնահատել Հայաստանի քաղաքական դաշտի երկրորդ էշելոնի ներայացուցիչներ: Ես նկատի ունեմ կուսակցապետերի. այժմ առաջադրվել են երեք քաղաքական ուժերի առաջնորդներ՝ «ԱԻՄ», «Ժառանգություն» և պարոն Հրանտ Բագրատյանը, ով նույնպես կուսակցապետ է: Ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, երբ առաջադրվողներից որևէ մեկը առայժմ, համենայնդեպս, չառաջարկեց ընտրություններում հաղթելու իրական որևէ սցենար, իսկ մենք պատրաստել ենք այդ սցենարը», – ասել է Մելիքյանը:
Նրա խոսքով՝ այսօր շատ կարևոր է ճշտել, թե Հայաստանում ձայնի իրավունք ունեցող քանի մարդ է մնացել:
«Կճշտենք, որքանով են պաշտոնական տվյալեները լինելու ճշմարտացի: Եթե հրաժարվեն հրապարակել նման տվյալներ, մենք պարզապես կիջեցնենք նրանց ռեյտինգը. այսինքն՝ մենք համարում ենք, որ 35-ից 40 տոկոս ընտրողներ Հայաստանում չեն ու այդ պատճառով չեն մասնակցելու ընտրություններին: Այդ թիվը մենք կնվազեցնենք իրենց գրանցած տվյալներից: 1 միլիոն մարդ կգրանցեն ի օգուտ Սերժ Սարգսյանի, ուրեմն 40 տոկոսը դրանից կիջնի: Եթե մենք հավաստի տեղեկություններ ստանանք, որ զինվորներին պարտադրում են քվեարկել հօգուտ գլխավոր հրամանատարի, ուրեմն 100 հազար մարդու քվե մենք կհանենք Սերժ Սարգսյանի ձայներից», – նշել է քաղաքական գործիչը:
Նա նաև ավելացրել է, որ վերը նշվածները իրենց մարտավարության որոշ դրվագներն են միայն, իսկ դրույթների ամբողջական տեքստը կհրապարակվի շաբաթվա վերջում: