«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանը գոհ է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադարձել է ոստիկանության «Հերթապահ մաս» հաղորդման ժամանակ ներկայացված տեսանյութին, որտեղ քննադատություն է հնչել իր հասցեին: Այս մասին նա ասել է Epress.am-ի հետ զրույցում:
Օրեր առաջ Ղազարյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ հարցազրույցի ընթացքում դիմել էր նրան՝ հայտնելով, որ լրագրողական գործունեություն իրականացնելիս՝ ոստիկանությունը սպառնացել է իրեն: Նման բողոքի պատճառ էր հանդիսացել ոստիկանության կողմից պատրաստված և «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված «Հերթապահ մաս» հաղորդման ժամանակ ներկայացված տեսանյութը, ինչը ոստիկանության արձագանքն էր այդ մարմնի վերաբերյալ Պետրոս Ղազարյանի հնչեցրած քննադատությանը: Ոստիկանության անունից այդ տեսանյութում Պետրոս Ղազարյանին խորհուրդ էր տրվում. «… եթե այնուամենայնիվ որոշել եք հարց լուծել` ձեր իմացությանն ու կարողությանը հարիր թեմա ու թիրախ ընտրեք, թե չէ հարցի ծանրությունից կկքվեք»։
Այսօր ՄԻ պաշտպանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ թեև այս դեպքում ոստիկանության հնչեցրած սպառնալիքը ակնհայտ չէ և այդ պատճառով իրավական իմաստով քրեական գործի հարուցումը նպատակահարմար չէ, այնուամենայնիվ, ինքը անհրաժեշտ է համարում մի քանի խորհուրդ տալ ոստիկանությանը.
«1. Գործեք ձեր իրավասությունների շրջանակում և զերծ մնացեք լրագրողին կամ որևէ այլ անձի սպառնալի խորհուրդներ տալուց:
2. Բոլորիս աջակցությամբ, այդ թվում՝ քննադատությամբ, շարունակեք ոստիկանության բարեփոխման ծայրահեղ անհրաժեշտ գործը: Անելիքները շատ են:
3. Քրիստոնեաբար ընդունեք և սահմանադրորեն արձագանքեք քննադատությանը: Այդ դեպքում իրական ու շոշափելի բարեփոխումների արդյունքը կվայելենք ու կհնչեցնենք բոլորս»։
Անդրեասյանը նշել էր, որ անընդունելի է ոստիկանության կամ որևէ այլ մարմնի կողմից լրագրողական օրինական գործունեությանն ակնհայտ կամ քողարկված սպառնալիքով խոչընդոտելը:
Epress.am-ի հետ զրույցում Ղազարյանը կարծիք է հայտնել, որ ոստիկանության նյութում տեղ գտած նախադասությունը սպառնալիք է իր հանդեպ և որ նման գործելաոճը ճնշում է լրագրողի նկատմամբ:
Նա հիշեցրել է, որ իր հաղորդման ժամանակ ներկայացվել է որոշ թիկնապահական ընկերությունների դժգոհությունը ոլորտին վերաբերող նոր օրենքի հետ կապված: Ղազարյանի հաղորդման ժամանակ մտահոգություն է հնչել, որ նոր օրենքի կիրառմամբ ոլորտը կմենաշնորհվի ի շահ ոստիկանության, քանի որ թիկնապահական ընկերություններին արտոնագիր տրամադրելու գործընթացը տևելու է երեք ամիս, որի ընթացքում ընկերությունները փաստորեն պարապուրդի են մատնվելու:
Ղազարյանն ընդգծել է, որ ոստիկանությունն իրեն մեղադրել է ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մեջ, սակայն հետագայում ՀՀ կառավարությունն ընդունել է օրենքը այն տեսքով, որը նկարագրված էր հաղորդման մեջ: