Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցները երբեք վստահություն չեն ներշնչել Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանին: Նրա խոսքով՝ այդ կազմակերպությունը չունի այն իրավապաշտպանական մոտեցումը, որը, օրինակ, առկա է Human Rights Watch-ի մոտ:
Այս մասին Դանիելյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով հունվարի 16-ին Freedom House-ի կողմից հրապարակված տարեկան զեկույցը, որի համաձայն Հայաստանը հերթական անգամ դասվել է մասամբ ազատ երկրների շարքին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, համաձայն զեկույցի հեղինակների, բարելավել է քաղաքական իրավունքների վարկանիշը և անազատ երկրների շարքից տեղափոխվել է մասամբ ազատ երկների շարք:
Լեռնային Ղարաբաղի առաջընթացը զեկույցի հեղինակները պայմանավորել էին նրանով, որ 2012 թվականի հուլիսին կայացած ԼՂՀ նախագահի ընտրություններին մասնակցել է իրական ընդդիմադիր թեկնածու:
«Ես, որպես իրավապաշտպան, համարում եմ, որ նման հասկացություն՝ «մասամբ ազատ երկիր», գոյություն չունի: Կա ազատ և անազատ երկիր: Մենք ազատ չենք, Ղարաբաղն ազատ չէ: Եվ թե ինչպես Հայաստանի խորհրդարանում հայտնվեց «իրական ընդդիմությունը», ինչպես այն անվանվում է զեկույցում, մենք շատ լավ գիտենք: Դա արվել է հենց Freedom House-ի նման կազմակերպությունների համար», – հայտարարել է իրավապաշտպանը:
Դանիելյանի խոսքով՝ երկրի զարգացման ցուցանիշը ոչ թե ընդդիմության մի հատվածի խորհրդարան անցնելն է, այլ ընտրությունների ընթացքը:
Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա այն չի կարելի մասամբ ազատ համարել, եթե քննարկել թեկուզ անգամ այնտեղ գտնվող բանակի հարցը. «Տարօրինակ բանակ, բանակում տարօրինակ մահեր: Այնտեղից եկող տեղեկատվական հոսքն ամբողջական չէ. հայկական ԶԼՄ-ները փորձում են ուշադրությունը սևեռել միայն դրական երևույթների վրա: Ղարաբաղի զարգացումը, քաղաքական անցուդարձն անմիջական կախվածության մեջ են Հայաստանից, և դա վկայում է այն մասին, որ այդ երկիրը թեկուզ մասամբ ազատ համարվել չի կարող»:
Դանիելյանը նաև ասել է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հիմնվում են տեղի գործընկերներից ստացված տեղեկատվության վրա, իսկ վերջիններս հաճախ իշխանությունների վերահսկողության տակ են:
«Նման զեկույցները թույլ են տալիս իշխանություններին մշտապես մանիպուլյացիաների դիմել՝ իրենց վերահսկողության տակ գտնվող կազմակերպությունների միջոցով: Նյու Յորքում կամ այլ վայրերում գտնվող մարդիկ չեն կարող Հայաստանի մասին ամբողջական ինֆորմացիայի տիրապետել, իսկ այդ ինֆորմացիան տրամադրողները կամ կոմպետենտ չեն, կամ միտումնավոր աղավաղում են իրականությունը: Անկախ լրատվամիջոցների տեղեկատվությունն արգելափակվում է, և դրա փոխարեն հրամցվում են մանիպուլյացիայի ենթարկվող աղբյուրները: Ես բազմիցս եմ խոսել այն մասին, որ, ցավոք, Հայաստանի իշխանությունների ամենամեծ ձեռքբերումն այն է, որ նրանք հսկողության տակ են վերցրել լրատվամիջոցների և իրավապաշտպանների մեծ մասին», – ասել է Դանիելյանը:
Նա նաև օրինակ է բերել, թե ինչպես են քաղաքական գործիչներն ու ԶԼՄ-ները օգտագործում միջազգային կառույցների զեկույցները:
«Վերջերս նման բան տեղի ունեցավ ամերիկյան Heritage Foundation հիմնադրամի և The Wall Street Journal-ի զեկույցի հետ: Վարչապետը բոլորին հավաքեց նիստին ու հայտնեց, որ մենք դարձել ենք տնտեսական առումով ազատ երկիր՝ հնչեցնելով 38-րդ տեղը: Հետաքրքիր էր, թե ինչպես է դա ներկայացրել հեռուստատեսությունը. նրանք ասացին, որ մենք գտնվում ենք Բելգիայի, Կոլումբիայի հետ նույն շարքում, իսկ ներքևում են Թուրքիան (73-րդ հորիզոնական), ավելի ներքև՝ Ադրբեջանը (91-րդ հորիզոնական), 21-րդը Վրաստանն է և այլն: Դա ասվել էր այնպես, կարծես Վրաստանում իրավիճակն ավելի վատթար է, մինչդեռ այդ երկիրը 21-րդ տեղում է», – եզրափակել է իրավապաշտպանը: