ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր քաղբանտարկյալների համար անցկացվող ակցիայի ժամանակ դիմելով բոլոր քաղաքական ուժերին, որոնք «ընդդիմադիր են ուզում լինել», ասել է, որ իրենք դատախազության մոտ ակցիա անցկացնում են շաբաթը մեկ ժամ՝ ուրբաթ օրը, 14.00-ից 15.00-ն, իսկ շաբաթվա մնացած օրերը և ուրբաթ օրվա 23 ժամը ազատ է, և բոլոր նրանք, ովքեր ուզում են առանց Կոնգրեսի քաղբանտարկյալների պաշտպանության ակցիա անել, կարող են դա անել:
Մանուկյանի խոսքով՝ անցյալ շաբաթ իրենք դատախազության մոտ միջոցառում չեն արել իրենց որոշմամբ. «Եվ մի երկու թույլիկներ հանկարծ մտածել են, որ Կոնգրեսը թուլացավ, ժողովուրդը հետ կանգնեց իր պահանջներից: Երազեն էլ՝ չեն կարող»:
Դիմելով բոլոր այն ընդդիմադիրներին, որոնք միայն ՀԱԿ-ին են քննադատում, Մանուկյանն ասել է, որ Ազատության հրապարակը 6 ամիս է՝ ազատ է՝ օրը 24 ժամ, և խորհուրդ է տվել հավաքվել և հնչեցնել իրենց ասելիքը:
«Սարյանում մենք հավաքվում ենք ամեն օր՝ մեկ ժամ, մնացած 23 ժամը նորից ազատ է, ովքեր միջոցառում են ուզում անեն, մենք մեր ժողովրդով մեր ակտիվիստներով կգնանք կիմանանք, այսինքն՝ կա մի հատ իրական ընդդիմություն, մի հատ քամի թափահարողներ: Եվ ես ասում եմ, իշխանությանն եմ դիմում, ուզում ես ընդդիմություն չլինի՞, ուզում ես ՀԱԿ չլինի՞, ոչ թե փորձիր նրանցից ինչ-որ մեկին պոկել, նրանց մեր դեմ ուղղել, այլ լուծիր այն խնդիրները, որոնք պատճառ են դառնում ՀԱԿ-ի հավաքների, միջոցառումների, հոդվածների»,- ասել է Արամ Մանուկյանը:
Խոսելով մամուլի հրապարակումների մասին՝ Մանուկյանն ասել է, որ տպավորություն է, որ Հայաստանում նախագահական ընտրություն չկա, այլ կա Հայ Ազգային Կոնգրեսի պրոբլեմ:
«Կա Սասուն, Լևոն, Նիկոլ, Դավիթ, Արամ, Լևոն, Մակեյան պրոբլեմ: Պրեզիդենտական ընտրություն որպես այդպիսին չի կայանում, ամբողջ էներգիան ուղղվում է ուրիշ տեղ: Սա է իշխանության և իշխանամետ մամուլի ամբողջ խնդիրը: Եվ պատահական չէ, որ մենք ինտերվյու չենք տալիս, սիրելի ժողովուրդ, հարգարժան մամուլ, մենք ընդամենը ասում ենք՝ հլա մի 20 օր մեզնից մի կողմ քաշվեք ու զբաղվեք ձեր գործով, տեսնենք՝ ուրիշ պրոբլեմ կգտնե՞ք: Գնացեք՝ տեսեք Սերժ Սարգսյանն ինչ ծրագիր է բերելու, էն սարքած թեկնածուներն ինչ ծրագիր են բերելու: Սարքած թեկնածուներ, որոնք հինգ տարին մեկ 50-70 հազար դոլար վերցնում են ու թեկնածու են խաղում: Դրեք՝ պախարակեք, մամուլ ջան, դրեք ջարդոտեք էդ կեղծիքը, էս այլանդակությունը, որ տարիներ շարունակ Հայաստանի գլխին կախված է: Սա ծաղր է հայաստանցի ընտրողի նկատմամբ»,- ասել է Արամ Մանուկյանը:
Խոսելով քաղբանտարկյալների մասին՝ Արամ Մանուկյանը կոչ է արել իշխանություններին լարումը թուլացնելու համար բաց թողնել Տիգրան Առաքելյանին և դադարեցնել հետապնդումը մյուս երեք երիտասարդների նկատմամբ, քանի որ իրենք, միևնույնն է, չեն նահանջելու: